Արխիվ

Հայրենական Մեծ պատերազմի տարիների հայկական պլակատների ցուցահանդեսը բացվեց «Երևան» երկաթուղային կայարանում

24.06.2015

Հունիսի 24-ին Երևանի երկաթուղային կայարանում բացվեց «ԱրմՏԱԳ-ի պատուհան» պլակատների ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ԱրմՏԱԳ-ի (Հայկական հեռագրական գործակալություն, ներկայումս՝ «Արմենպրես» լրատվական գործակալություն) նախաձեռնությամբ ստեղծված 112 պլակատների մի մասը, ինչպես նաև «Արմենպրես» և ՏԱՍՍ գործակալությունների արխիվային և բացառիկ լուսանկարները:
Բացված ցուցադրությունը խոշոր ցուցահանդեսի մասն է, իսկ հավաքածուի մյուս մասը ներկայացված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոն, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ այս տարի նշվում է Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակը և մինչև տարվա վերջ նախատեսվում է բազմաթիվ տոնական միջոցառումներ անցկացնել:
Իվան Վոլինկինը շնորհակալություն հայտնեց ՀԿԵ-ին՝ ցուցահանդեսի անցկացման գործում ցուցաբերված աջակցության համար: Նա նշեց, որ երկաթուղային կայարանը, որը օրական սպասարկում է 1000 ուղևոր, ամենաշատ այցելվող վայրերից է և այսպիսով հանդիսատեսների թիվը կլինի առավել շատ:
- Մեր Հայրենիքը պաշտպանած մարդկանց մասին հիշողությունը պիտի ապրի դարերում, մենք պիտի փոխանցենք այն հաջորդ սերունդներին, - ասաց դեսպանը:
Ցուցահանդեսում ներկայացված պլակատները ստեղծվել են 1941-1943 թթ: Պլակատների հեղինակային խումբն ընդգրկել է լավագույն ծաղրանկարիչներին և նկարիչներին՝ Սերգեյ Արուտչյանին, Աշոտ Մամաջանյանին, Սեդրակ Ռաշմաջյանին, Լևոն Գենչին, Շավարշ Հովհաննիսյանին: Տեքստերը գրել են բանաստեղծներ Նաիրի Զարյանը, Սուրեն Վահունին, Արտյոմ Շահբազը (Արտավազդ Շահբազյան, 1941 թվականի աշնանը զորակոչվել է բանակ և զոհվել ռազմաճակատում), Նորա Ադամյանը:
Հրատարակվող պլակատները 1943 թվականին ընդունվել են պահպանության պետական արխիվ: Առաջին անգամ դրանք ամբողջական հավաքածուով հրապարակել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ 2015 թվականին: Իսկ պլակատների մեծ մասը ցուցադրվել է 2010 թվականին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.