Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպոյում շահագործման է հանձնվել վերանորոգված առաջին ջերմաքարշը

27.10.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպոյում հոկտեմբերի 26-ին շահագործման է հանձնվել վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանի տարածքում առաջին անգամ կապիտալ վերանորոգում անցած ЧМЭ-3 ջերմաքարշը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Հայաստանում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության Երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, այլ պատվավոր հյուրեր և Ընկերության աշխատողներ:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն շնորհավորեց Երևանի լոկոմոտիվային դեպոյի աշխատողներին՝ ընդգծելով, որ Հայաստանում շարժակազմի վերանորոգման նոր տեխնոլոգիաներ են ներդրվում:
- Սկսվում է շարժակազմի վերանորոգման զարգացման նոր փուլ: Այս ջերմաքարշը քանդվել է մինչեւ վերջին ագրեգատը և նորից հավաքվել ժամանակակից պահանջներին համապատասխան: Նշեմ, որ 2008 թվականից, երբ մենք հավատարմագրային կառավարման ենք ընդունել երկաթուղին, վագոնային և լոկոմոտիվային դեպոների վերակառուցմանը ՀԿԵ-ն ուղղել է 5 մլրդ 20 մլն դրամ, իսկ միայն Երեւանի դեպոյի վերակառուցման համար ծախսվել է 1 մլրդ 287 մլն դրամ, - ասաց Սերգեյ Վալկոն:
Ընկերության ղեկավարը նշեց, որ Երևանի դեպոն հագեցած է նոր ունիկալ սարքավորումներով, որոնք առկա են ոչ բոլոր նմանատիպ ռուսաստանյան կառույցներում: Ս. Վալկոյի խոսքերով, Երևանի դեպոյում տեղադրված 43 միավոր նոր սարքավորումների ձեռքբերման համար ծախսվել է 316 մլին դրամ, և ջերմաքարշի հաջող վերանորոգման ավարտը այս ներդրումների արդյունքն է:
- Վերանորոգման ընթացքում մեր բանվորներն ու ինժեներները կիրառեցին ոչ ստանդարտ սարքավորումներ, ինչը էապես հեշտացնում է աշխատանքի պայմաններն ու վերանորոգման նոր որակ է տալիս, - ասաց նա:
Երկաթուղայիններին շնորհավորել է նաև Հայաստանում ՌԴ-ի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ով նշեց, որ նոր օբյեկտների և շարժակազմի բացման արարողությունները ՀԿԵ-ում արդեն բարի ավանդույթ են դարձել:
- Իսկ դա նշանակում է, որ երկաթուղին ապրում է և զարգանում, որ Հայաստանում մարդիկ լավ աշխատողներ են և կարող են կերտել այն, ինչ ուրիշները չեն կարող, - հայտարարեց դեսպանը:
ЧМЭ-3 ջերմաքարշի արդիականացումը հանդիսանում է ՀԿԵ-ի՝ սեփական արտադրամասերում շարժակազմի վերանորոգման քաղաքականության մաս: 2014 թվականին Գյումրու լոկոմոտիվային դեպոյից դուրս էր եկել Հայաստանում վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ վերանորոգված էլեկտրաքարշը:
2008 թվականից լոկոմոտիվային և վագոնային տնտեսության արդիականացմանը ՀԿԵ-ն ուղղել էր 29 մլրդ դրամ:
Նշենք, որ ՀԿԵ-ում առկա են վերանորոգում պահանջող 14 ջերմաքարշեր, որոնցից մեկն արդեն շահագործման է հանձնվել: Երկրորդ ջերմաքարշի վերանորոգումն ավարտվում է, մնացած 12-ը նույնպես հերթի մեջ են:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.