Արխիվ

Քննարկվել է Ջուլֆա (Իրան) - Երասխ (Հայաստան) երկաթուղու կառուցման հարցը

25.01.2016

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հայկական պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն և գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը:
Այցի ընթացքում Գագիկ Բեգլարյանը հանդիպել է նաև ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիին: Կողմերը քննարկել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, բանակցություններ են ընթացել Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման շուրջ:
Գագիկ Բեգլարյանը հանդիպումից հետո նշել է, որ հայ և իրանցի փորձագետների համագործակցության շնորհիվ այդ հարցում հնարավոր է դրական արդյունքներ գրանցել. «ՀՀ-ում կառուցում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող Իրանից Վրաստան տանող ավտոմոբիլային մայրուղի: Վստահ
ենք, որ մինչև 2018թ. շահագործման կհանձնենք Երևան-Վրաստան հատվածը: Հայաստանի տարածքով երկու երկրների միջև ճանապարհային ապրանքափոխանակումների համար ստորագրելու ենք համաձայնագիր, ինչը կնպաստի իրանական արտադրանքը Սև ծով հասցնելուն»:
ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարարը նկատել է, որ նախորդ տարվա ընթացքում Իրանի ու Հայաստանի միջև բեռանփոխադրումների 50 տոկոս աճ է արձանագրվել:
«Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման կապակցությամբ Հայաստանի հետ բանակցություններ են տարվել և պետք է դրա ֆինանսավորման շուրջ համաձայնություն ձեռք բերել»,-ասել է Աբբաս Ախունդին:
ՀՀ տրանսպորտի նախարարը հանդիպել է նաև ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ: Ստորագրվել են Փոստային կապի և հաղորդակցական ոլորտում համագործակցության և փոխըմբռնման երկու հուշագրեր:
Գագիկ Բեգլարյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին։ Կողմերը քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև երկկողմանի համագործակցության ընդլայնումը Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների չեղարկման պայմաններում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.