Արխիվ

ՀՀ Նախագահը «ՀԿԵ» ՓԲԸ Իրավաբանական ծառայության պետին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

29.01.2016

Հունվարի 27-ին, Բանակի օրվա առթիվ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար պարգևատրել է մի խումբ զինծառայողներ: Պարգևատրվածների շարքում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Իրավաբանական ծառայության պետ Ալեքսանդր Աղասարյանը, ում շնորհվեց Մարտական ծառայության մեդալ:
ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, նաև շնորհավորել պարգևատրվածներին՝ հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:
«Այս տարի մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: Արդեն քառորդ դար է, ինչ մենք ազատ ու անկախ պետականություն ունենք: Այս ողջ ժամանակահատվածում ոչ մի րոպե չենք կասկածել, որ մեր երկրի 25-ամյա ուղին անհնարին էր լինելու առանց այն բանակի, որ մենք ենք ստեղծել:
Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին մեր պետականաշինության հիմքում: Դա ժամանակի և տարածաշրջանի պարտադրանքն էր: Մենք շատ լավ գիտեինք, թե ով ենք մենք և որտեղ ենք ապրում: Մենք հայ ենք և, լինելով Մերձավոր Արևելքի և Առաջավոր Ասիայի հնագույն ազգերից մեկը, ունենք հազարամյակների փորձառություն», - ասաց Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքերով, Մերձավոր Արևելքում և Հայաստանին շատ մոտ տարածքներում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները, ցավալիորեն ծանոթ են հայերին և կրկնվել են պարբերաբար: Հայերը եղել են նման իրադարձությունների ականատեսը, ժամանակակիցն ու տարեգիրը:
«25 տարի առաջ, երբ մենք ստանձնում էինք սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը, գիտակցում էինք, որ դա գրեթե հավասարազոր է մարտադաշտ մտնելուն: Եվ մենք մտանք: Մտանք հանուն մարդու և ժողովրդի իրավունքների, հանուն ազատության: Մենք արդեն տեսել էինք Բաքվի հայկական եկեղեցուց բարձրացող ծուխը, որ վերջին և ամենահամոզիչ ազդանշանն էր բոլոր կասկածողների համար: Ավելի ուշ՝ արդեն մեր օրերում հրկիզված ու պայթեցված կրոնական օջախներից բարձրացող ծուխը պիտի տեսներ ողջ աշխարհը և զարմանքի ու վրդովմունքի սարսուռ ապրեր:
Մենք այդ սարսուռն ապրել ենք 1988-ից սկսած, և ինքնաբուխ կերպով ձևավորված ինքնապաշտպանական ջոկատները առաջին քայլերն էին գոյապայքարի ճանապարհին: Մենք նաև գիտեինք, որ ֆիդայական շարժումը դատապարտված է ձախողման, եթե ժամանակին՝ հենց մարտի դաշտում, չվերաճի կանոնավոր բանակի: Հայոց կանոնավոր բանակը՝ մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետև այդ օրերին և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչ մեր պատմիչն անվանում է «Ասքանազյան ազգ», իսկ Սուրբ գիրքը՝ «Ասքանազյան գունդ», որ իրենից ներկայացնում է և՛ երկիր, և՛ ժողովուրդ, և՛ զինված ուժ», - ասաց ՀՀ ղեկավարը:
Սերժ Սարգսյանը շեշտեց, որ չնայած աս փառապանծ տոնը համապետական է և համաժողովրդական, բայց առաջին հերթին դա զինծառայողների տոնն է: Հայ
ժողովուրդը, նախագահի խոսքերով, վստահում է զինվորների նվիրվածությանը, մասնագիտական կարողություններին, բարձր մարտական ոգուն:
«Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր: Ձեզ և մեր ողջ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն հանուն մեր երկրի ազատության, հանուն արդար աշխատանքի, որ պայմանն է ամեն մի առաջընթացի: Ձեր և ձեր ծառայակիցների շնորհիվ է, որ Հայաստանի զինված ուժերը իրականացնում են իրենց առաքելությունը, լուծում իրենց առջև դրված խնդիրները: Դուք դա իրականացնում եք պատվով ու մասնագիտական բարձր մակարդակով:
Դուք արժանավոր հետնորդներն եք նրանց, ովքեր Արցախյան հերոսամարտի կրակների մեջ հիմքերն էին դնում մեր ապագա բանակի: Նրանցից շատերն ընկան՝ մեզ պարգևելով կյանք ու ազատություն: Այսօր՝ այս նվիրական օրը, մենք գլուխ ենք խոնարհում նրանց պայծառ հիշատակի առջև: Դուք այն արժանավորներն եք, ովքեր հավատարիմ են նահատակների պատգամներին և նրանց կտակած արժեքներին», - ասաց նախագահը:անի դեմ կիրառված պատժամիջոցների չեղարկման պայմաններում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.