Արխիվ

Գծային աշխատանքների ընթացքը քննարկեցին ՀԿԵ-ում

26.02.2016

2015 թվականի ամփոփմանը և 2016 թվականին ամառային գծային աշխատանքների կատարմանը նվիրված տեխնիկական խորհրդի նիստը կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում փետրվարի 26-ին: Բացելով նիստը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշեց, որ 2008-2015 թթ. Ընկերությունը ՀՀ երկաթուղային տրանսպորտի զարգացմանը ուղղել է 104,6 մլրդ դրամ, որից 74,2%-ը՝ ենթակառուցվածքի արդիականացմանը: Միայն անցած տարվա ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները կազմեցին 6,5 մլրդ դրամ:
Երկաթուղային ենթակառուցվածքի վիճակը խիստ կարևոր է գնացքների անվտանգ երթևեկության համար:
Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, միայն 2015 թվականին տեղադրվել է 76 հազար փայտե և երկաթբետոնե կոճղակ, իսկ գծի գնահատականը բարելավվեց 7 կետով՝ մինչև 94 միավոր:
- Մենք աշխատում ենք ոչ միայն գծային տնտեսության առողջացման, այլև էներգետիկայի և էներգամատակարարման, կենտրոնացման և կապի տնտեսությունների արդիականացման ուղղություններով: Անցած տարի վերականգնվեց և շահագործման հանձնվեց «Փամբակ» ենթակայանը, որը չէր աշխատում 1989 թվականից, - ասաց Սերգեյ Վալկոն:
Իր հերթին ՀԿԵ Ենթակառուցվածքի տնօրինության պետ Գենադի Սմիռնովը տեղեկացրեց, որ 2009-2015 թթ. առողջացվել է 438 կմ գիծ, իսկ 2015-ին տարբեր տեսակի վերանորոգում է անցել 137,4 կմ գիծ: 2008 թվականից, երբ ՀԿԵ-ն սկսեց իր հավատարմագրային կառավարչի գործունեությունը, տեղադրվել է 776 հազար կոճղակ, իրականացվել են գծի և կառույցների առողջացման աշխատանքներ:
Գ.Սմիռնովի խոսքերով, 2016 թվականին նախատեսվում է խստացնել կատավող աշխատանքի որակին ներկայացվող պահանջները, փոխել 35 հազար կոճղակ, վերանորոգել Հաղպատ-Ալավերդի-Սանահին հատվածը:
Զեկուցելով 2015 թ-ին կատարված աշխատանքի մասին՝ Շարժակազմի տնօրինության պետ Նիկոլայ Լավրենչուկը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում վերանորոգվել է 91 միավոր վագոն, գծային տեխնիկա և հատուկ ու ինքնագնաց շարժակազմ: Ներկա պահի դրությամբ պատրաստվում են էլեկտրա- և ջերմաքարշեր, որոնք կշահագործվեն 2016 թ. գծային աշխատանքներում: Ուսուցման դասընթացներ է անցնում 11 լոկոմոտիվային բրիգադ:
Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև տեխնիկական խափանումների կրճատումը: 2015 թվականին արձանագրվել է 187 նման դեպք, իսկ ՀԿԵ-ի գործունեության առաջին տարվա ընթացքում գրանցվել էր 2769 խափանում:
Նիստի ընթացքում զեկույցներով հանդես էին եկել Փոխադրումների տնօրինության, Սանահինի մեքենայացված ուղեմասի, Էներգամատակարարման, Ավտոմատիկայի և կապի, Վանաձորի, Գյումրու, Երևանի և Սևանի գծային-կայարանային միավորումների պետերը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.