Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին գարնանային զննումների արդյունքները

22.04.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ապրիլի 22-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց երկաթուղու գարնանային հանձնաժողովային զննման արդյունքները, որն անցկացվել է մարտի 30-ից ապրիլի 13-ը:
Զննումների ընթացքում ամփոփվել էին 2015 թվականի ընթացքում կատարված երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքները: Անցած տարի նման աշխատանքը տարվել էր Հայաստանի երկաթուղու ամբողջ երկայնքով՝ տեղադրվել է 4,2 հազար տոննա ռելս (որից 2,1 հազար տոննա՝ նոր ռելսեր), փոխվել է 20,2 հազար փայտե և 56 հազար երկաթբետոնե կոճ, վերանորոգվել 45 կմ կոնտակտային ցանց:
2015-ին վերակառուցումից հետո «Փամբակ» կայարանում շահագործման էր հանձնվել 1989 թվականից պարապուրդի մատնված քարշային ենթակայանը, որը վերականգնվեց Ընկերության մասնագետների ուժերով՝ կոնցեսիոն պարտավորությունների կատարման շրջանակներում: Այս նախագծով ներդրումների ծավալը կազմեց 30 մլն դրամ, իսկ էներգամատակարարման ոլորտում ՀԿԵ-ի ներդրումները 2015-ին գերազանցեցին 230,9 մլն դրամը:
Այժմ ենթակայանը արդյունավետ աշխատում է՝ ապահովելով կոնտակտային ցանցի կայուն լարումը, երթևեկության անվտանգությունը և երկաթուղային ենթակառուցվածքի էներգետիկ անվտանգությունը:
ՀԿԵ-ի այս նախագծի շնորհիվ էլեկտրաէներգիա են ստանում նաև Փամբակ և Եղեգնուտ գյուղերը, ստեղծվել են մշտական աշխատատեղեր, ինչը խիստ կարևոր է նման փոքր համայնքների համար:
Միայն 2015 թվականի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի երկաթուղային համակարգի զարգացմանն ուղղել էր 6,5 մլրդ դրամ, իսկ 2008-2015 թթ ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 104,6 մլրդ դրամը: Նշված գումարից 77,6 մլրդ դրամն ուղղվել է ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 26,9 մլրդ դրամը՝ շարժակազմի թարմացմանը:
Անցած տարվա ընթացքում երկաթուղայինները կենտրոնացել են ոչ միայն ենթակառուցվածքի արդիականացման, այլև նոր տեխնոլոգիաների կիրառման հարցերի վրա: Մասնավորապես, երկարատև դադարից հետո Երևանի և Գյումրիի լոկոմոտիվային դեպոներում շարունակվեցին ջերմաքարշերի և էլեկտրաքարշերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Վերանորոգված առաջին ջերմա- և էլեկտրաքարշերն արդեն շահագործվում են «ՀԿԵ»-ում:
Բոլոր վերոնշյալ աշխատանքները թույլ տվեցին էապես բարձրացնել գնացքների երթևեկության անվտանգության մակարդակը և ենթակառուցվածքի որակը: Օրինակ՝ 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով երկաթուղային գծերի գնահատականը բարելավեց 7 միավորով:
Բացի այդ, ավանդական գարնանային զննումը 2016 թվականին անցել էր նոր սկզբունքներով, ինչը թույլ տվեց բարձրացնել աշխատանքների որակն ու արդյունավետությունը: Մասնավորապես, հիմնական միջոցառումներից առաջ պատասխանատու անձինք կազմակերպեցին նախնական ստուգումներ, ինչը թույլ տվեց մանրակրկիտ պատրաստվել գարնանային ստուգմանը:
Ամփոփելով միջոցառումների արդյունքները՝ «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ընդգծեց կայարանների հերթապահների գիտելիքների բարձրացման անհրաժեշտությունը և արձանագրեց «Գյումրի» գծային-կայարանային միավորման հաջողություններն այս հարցում: Սերգեյ Վալկոն ուշադրություն հրավիրեց նաև ճանապարհային վարպետների աշխատանքի կատարելագործմանը:
Գարնանային ստուգումների ընթացքում բացահայտված բացթողումների շարքում Ընկերության ղեկավարը նշեց, մասնավորապես, ջրահեռացման համակարգի անարդյունավետ աշխատանքը, կատարվող աշխատաքների թույլ հսկողությունը:
Սերգեյ Վալկոն պահանջեց ավելի ուշադիր վերաբերվել վերանորոգման աշխատանքների տեխնոլոգիաների պահպանմանը՝ ընդգծելով, որ դրանք պիտի կատարվեն ամենաբարձր մակարդակի վրա:
Զննումների արդյունքներով՝ տարբեր կարգապահական տույժերի են ենթարկվել 42 աշխատողներ, իսկ 18-ը՝ պարգևատրվել են:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.