Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն վերականգնել է Գյումրիում բնակվող վետերան-երկաթուղայինների տունը

20.07.2016

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Գյումրիում հաճախ հանդիպող տնակներից մեկը վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարության շնորհիվ կոկիկ, քարաշար, ջրի, կոյուղու եւ ջեռուցման համակարգով սարքավորված առանձնատան է վերածվել, որտեղ այժմ 92-ամյա Մարուսյա Զաքարյանն ու նրա ամուսինը` 93-ամյա Անդրեյ Անդրեյան վերջապես կարող են ապրել առանց
սառնաշունչ ցրտի մասին մտահոգվելու` ապահով եւ գնահատված լինելու զգացումով:
Վերջերս ՀԿԵ-ի ղեկավար կազմի մի քանի աշխատակիցներ` ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ, հյուրընկալվել էին ծերունիներին` բնակարանամուտի կապակցութամբ նրանց նաեւ սառնարան եւ հեռուստացույց նվիրելով: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշում է, որ ամեն տարի ընկերությունն աջակցում է վետերան-երկաթուղայիններին և դա արդեն բարի ավանդույթ է դարձել Ընկերության համար:
- Այն, որ մենք ապրում ենք խաղաղ, ապահով երկրում, նաեւ այդ մարդկանց շնորհիվ է, ովքեր չընկրկեցին պատերազմ մեկնելու եւ հերոսաբար մարտնչելու հարցում: Ուստի մեր պարտքն է հոգատարություն ցուցաբերել այս մարդկանց նկատմամբ եւ օգնել գոնե բնակարանները բարեկարգելու հարցում: Այնպես ստացվեց, որ Գյումրիում այս անգամ միանգամից երկու վետերանի կարողացանք օգնել, քանի որ ամուսինները երկուսն էլ ե՛ւ պատերազմի դաշտում են եղել, ե՛ւ միասին աշխատել են երկաթուղում։ Տեւական փորձությունների միջով անցնելով` նրանք կարողացել են ամուր ընտանիք ստեղծել, եղել են պատերազմում, նաեւ աշխատանքի վետերաններ են: Այսօր էլ իրենց ընտանիքով, իրենց պատմությամբ լավ օրինակ են ծառայում եկող սերունդներին: Ես նրանց կենդանի լեգենդ եմ համարում, - ասաց նա:
1988 թվականի երկրաշարժն ինչպես շատերին, Մարուս տատին ու Անդրեյ պապին ևս դարձրեց անօթևան, ապրում են տնակում: Երկար տարիներ դիմում էին տարբեր ատանների՝ սեփական տանիքն ունենալու, իսկ հետո՝ գոնե տնակը վերանորոգելու խնդրանքներով: Միայն վերջերս նախ Գյումրու քաղաքապետի, ապա նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից տնակը հիմնանորոգվեց։
1924 թվականին Թբիլիսիում ծնված Մարուսյա Զաքարյանը վաղ հասակում է կորցրել ծնողներին: Նրանց մահից հետո, Մարուսի տատը թոռնուհուն 1941 թվականին կանչում է հայրենի Ջաջուռ: Ջաջուռի ճանապարհին՝ գնացքում, կապույտ աչքերով գեղեցկուհուն տեսնում է Ադրեյը ու, ինչպես տարիներ անց խոստովանում է, տեսնելուն պես հավանում է:
Ամուսնությունից 2 ամիս անց Մարուս տատը Ախուրյանի կանանց ջոկատի հետ կամավոր մեկնել է ռազմաճակատ. ծառայել է Բաթումիի փոքր տրամաչափի զենիթա-հրթիռային ջոկատում:
Ամուսինը՝ Անդրեյը, չնայած այդ ժամանակ երկաթուղային էր և ազատված էր ծառայությունից, կնոջ մեկնելուց 3 ամիս անց որպես կամավոր մեկնում է ռազմաճակատ, կռվում է Կերչում: 1943 թվականին Անդրեյը ծանր վիրավորվում է ու տեղափոխվում հոսպիտալ, որից հետո զորացրվում է:
Իսկ Մարուս տատիկը ծառայում է մինչև պատերազմի ավարտը, ապա վերադառնում տուն՝ ամուսնու մոտ, աշխատանքի անցնում երկաթուղային դեպոյում:
Այժմ Մարուս տատն ու Անդրեյ պապն 5 երեխա, 15 թոռ, 45 ծոռ ու 3 կոռ ունեն։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.