Արխիվ

ՀԿԵ-ն շահագործման հանձնեց Հայատանի տարածքում վերանորոգված առաջին էլեկտրագնացքը

07.11.2016

Նոյեմբերի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպոյում շահագործման է հանձնվել Հայաստանում ТР-3 /տեխնիկական վերանորոգում/ տիպի վերանորոգում անցած առաջին էլեկտրագնացքը:
Շնորհավորելով երկաթուղայիններին՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշեց, որ վերանորոգման նոր տեխնոլոգիաների ներդրումը երկաթուղու տեխնոլոգիական զարգացման նոր փուլ է բացում: Ինչպես հիշեցրեց ընկերության ղեկավարը, Հարավկովկասյան երկաթուղում արդեն վերանորոգվում են էլեկտրա- և ջերմաքարշերը:
- Մենք հերթական քայլ ենք անում առաջ, - ասաց Ս.Վալկոն:
Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ այս միջոցառումը հերթական անգամ վկայում է երկրի երկաթուղային տրանսպորտի զարգացմանն ուղղված ներդրումների արդյունավետության մասին:
- Դա հերթական անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, իսկ հայ-ռուսական բարեկամական կապերը զարգանում են ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական, մասնավորապես, տրանսպորտի ոլորտներում, - հայտարարեց ԱԺ փոխնախագահը:
Երկաթուղայիններին շնորհավորեց նաև Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
- Էլեկտրագնացքի վերանորոգման ինքնարժեքն արտերկրում կատարվող նույնանման աշխատանքների հետ համեմատած մի քանի անգամ էժան է, դրա հաշվին այս ծառայությունը կարող է մրցունակ գնով առաջարկվել նաև մեր հարևաններին, - նշեց Վ.Մարտիրոսյանը:
Իսկ ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի երկաթուղային համակարգը արդյունավետ զարգանում է:
- Այսօր Հարավկովկասյան երկաթուղին զարգացման նոր փուլ է մտնում: Համոզված եմ, որ նոր էլեկտրագնացքը հայ-ռուսական բարեկամության ռելսերով շարժվելու է ճիշտ ուղղությամբ, - ասաց դեսպանը:
Արտադրամասից բացի, արարողության հյուրերն այցելեցին երկաթուղու Ուսուցման կենտրոնը, Ենթակառուցվածքի ախտորոշման կենտրոնը, ինչպես նաև կառուցվող կոնտեյներային տերմինալը:
ТР-3 տիպի վերանորոգումը գործարանային ցիկլի վերանորոգում է, որը թույլ է տալիս երաշխավորել էլեկտրագնացքի վազքը 500 000 կմ համար: Վերանորոգումն իրականացվել է բացառապես Երևանի լոկոմոտիվային դեպոյի մասնագետների ուժերով:
Մեկ էլեկտրագնացքի վերանորոգման արժեքը կազմում է 36 մլն դրամ, ինչը 3-4 անգամ ավելի էժան է, քան արտերկրում: Մինչև 2016 թվականի ավարտ վերանորոգման կկանգնի երկրորդ էլեկտրագնացքը:
Հարավային Կովկասի երկրների մեջ Հայաստանն առաջինն է, որ հնարավորություն ունի էլեկտրագնացքների նման ծավալի վերանորոգում իրականացնել:
Բոլոր վերանորոգվող էլեկտրագնացքներն ուղևորատար են և ուղևորներին են սպասարկում մայրաքաղաքից մինչև Գյումրի, Արարատ, Արաքս և Երասխ հատվածներում:
Նման բարդ տեխնոլոգիական աշխատանքի իրականացումը Հայաստանում հնարավոր էր դարձել Երևանի լոկոմոտիվային դեպոյի հիմնանորոգման շնորհիվ, որը Հարավկովկասյան երկաթուղին ավարտեց 2011 թվականին: Այս դեպոն երկաթուղու հիմնարար ձեռնարկություններից մեկն է, որտեղ իրականացվում է շարժակազմի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ամբողջ ցիկլը:
Դեպոյի վերակառուցումը թույլ էր տվել ոչ միայն վերականգնել արտադրամասերը՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով, ստեղծելով անվտանգ և հարմարավետ աշխատանքային պայմաններ, այլ նաև ձևավորել Հայաստանի խոշորագույն և ժամանակակից մեքենաշինական համակարգերից մեկը:
Այստեղ արդեն իրականացվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող ջերմաքարշերի հիմնական վերանորոգումը, բեռնատար և ուղևորատար վագոնների տեխնիկական զննում և ընթացիկ վերանորոգում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.