Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը ՀՀ տրանսպորտի նախարարին ներկայացրեց ընկերության գործունեությունը

16.01.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրենի ուղեկցությամբ հունվարի 14-ին Երևանի երկաթուղային կայարանից էլեկտրագնացքով ուղևորվեց Սևան` ճանապարհին դիտարկելով առկա թերությունները և 2016-ի ընթացքում կատարված բարեփոխումները:
Սերգեյ Վալկոն Վահան Մարտիրոսյանին հայտնեց, որ երկաթուղու բարելավման արդյունքում բարձրացել է երթևեկության միջին արագությունը` Երևան-Սևան ճանապարհի վրա ծախսվող ժամանակը վերջին տասը տարիներ ընթացքում առաջին անգամ կրճատվել է մեկ ժամով:
«2017 թվականին նախատեսվում է բարելավել նաև էլեկտրագնացքների նստարանները և ուղևորների համար ավելի հարմարավետ պայմաններ ապահովել»,- ասաց նախարարը:
Դիտարկման ընթացքում արձանագրվեցին նաև ճանապարհին առկա խախտումները, որոնք հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով.
երկաթգծի երկայնքով կուտակված մեծ քանակությամբ աղբն ու անօրինական շինությունները անվտանգության նորմերի լուրջ խախտումներ են:]
«Տարիների ընթացքում մարդիկ եկել ու երկաթգծին շատ մոտ ապօրինի շինություններ են կառուցել, անպայման կքննարկենք այս հարցը նախարարությունում ու կփորձենք լուծման ուղիներ գտնել»,-նշեց Վ. Մարտիրոսյանը:
էլեկտրագնացքը կանգառ կատարեց Չարենցավանի կայարանում: Նախարարը շրջեց կայարանում, ծանոթացավ շենքային պայմաններին: Ռելեային կառավարման կենտրոնը 2012թ-ին է վերանորոգվել: Շահագործող մասնագետի խոսքով` աշխատում է անխափան: «Սարքերը ծառայում են երկաթգծին. այստեղից կառավարվում են սլաքներն ու լուսացույցները, հերթապահը կարողանում է տեսնել, թե որտեղ է գտնվում գնացքը»,- մանրամասնեց Չարենցավանի կայարանի էլեկտրամեխանիկ Արսեն Խաչատրյանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը հայտնեց, որ երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը 2015 թվականի համեմատ ավելացել է 3 տոկոսով, սակայն ներմուծման ծավալները նվազել են 18 տոկոսով: Այնուամենայնիվ, 2016 թվականի բյուջեն լիարժեք կատարել են:
«Պատրաստվում ենք 2017 թվականին 2.5 միլիարդ դրամի ներդրում կատարել: Այն ուղղվելու է Երևան-Սևան երկաթուղու 12 կմ հատվածի հիմնանորոգմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու արդիականացման աշխատանքներին»,- ասաց Սերգեյ Վալկոն:
Ամառային տարեշրջանում դեպի Սևան կգործի 2 կանոնավոր երթուղի: Էլեկտրագնացքները կուղևորվեն «Ալմաստ» և «Քանաքեռ» կայարաններից: Առաջիկայում կհաստատվի նաև չվացուցակը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.