Արխիվ

Իրանի դեսպանին ներկայացվեցին Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրման առավելությունները

23.01.2017

ՀՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպմանը ներկա էր նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:
Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը, իսկ Սերգեյ Վալկոն ընդգծեց փոխադրման այս ճանապարհի առավելությունները:
Մասնավորապես, շեշտադրվեցին մուլտիմոդալ փոխադրման ընթացքում բեռների անվտանգության և փոխադրման մատչելիության գործոնները: Նախարարը դեսպանին առաջարկեց իրանական բիզնես հանրությանը ներկայացնել այս հնարավորությունը և սերտացնել շփումները բեռնափոխադրումների ոլորտում:
Դեսպանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, բարձր գնահատեց նախարարի մշտական պատրաստակամությունը: Սեյեդ Քազեմ Սաջադին հայտնեց, որ անձամբ եղել է Երասխ կայարանում, ծանոթ է տերմինալի հնարավորություններին և պատրաստակամ է իրանցի գործարարներին ներկայացնել բեռնափոխադրման այս ճանապարհը` որպես բավական արդյունավետ մոդել: Վահան Մարտիրոսյանն առաջարկեց երկու երկրների գործարարների մասնակցությամբ կազմակերպել համատեղ կլոր սեղան-հանդիպում և քննարկել բիզնես շփման ուղիներ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Իրանի կապի նախարարի` Հայաստան այցելության կազմակերպչական հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին դեսպանն ընդգծեց, որ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվել Իրան-Հայաստան գործարար շփումների ոլորտում, դրան նպաստել է նաև երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացումը: Նա հայտնեց, որ մոտ ժամանակներս Իրանից Հայաստան է ժամանելու իրանցի գործարարների պատվիրակություն:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.