Արխիվ

Եվրոպական երկրներից Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման հեռանկարները քննարկեցին ԻԻՀ և «ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները

24.01.2017

Երկկողմանի համագործակցության զարգացման և եվրոպական երկրներից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման հեռանկարները հունվարի 24-ին կայացած հանդիպմանը քննարկեցին Իրանից ժամանած գործարարները և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներկայացուցիչները: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ և Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի աջակցությամբ:
Հարևան երկրից ժամանած հյուրերին ներկայացվեցին Հայաստանի` որպես տարանցիկ երկրի հնարավորությունները Իրան - Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելիս, ինչպես նաև ՀԿԵ-ի գործունեությունը և ձեռքբերումները, մատուցվող ծառայությունների շրջանակը, այդ թվում՝ բեռնափոխադրումներ Իրան և հակառակ ուղղությամբ:
Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալ Իլյա Կելպերիսը, ՀԿԵ-ն, որը 2008 թվականից Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացմանն ուղղեց արդեն 250 մլն դոլար, նաև տրանսպորտային-լոգիստիկ շուկայի ակտիվ մասնակից է: Վրասանի հետ երկաթուղային հաղորդակցությունում գործում է կոնտեյներային արագացված գնացք, վրացական կողմի հետ համաձայնեցված են բեռնափոխադրումների սակագները, մատուցվում են նաև փոխարումների ծառայություններ տրանսպորտի այլ տեսակների (ավտոմոբիլային, ծովային, օդային) միջոցով:
Իսկ 2016 թվականի նոյեմբերին տրվեց Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեկնարկը. փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվեց Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:
Ընկերության տրանսպորտային հնարավորությունները ներկայացրեց «ՀԿԵ« ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևը: Նա նշեց, որ ՀԿԵ-ն առաջարկում է տրանսպորտային ծառայությունների լայն փաթեթ մասնավորապես, կոնտեյներային, մուլտիմոդալ բեռնափոխադրումներ, փոխադրումներ ԱՊՀ երկրների տարածքով և ավտոմաբիլային, օդային և ծովային տրանսպորտի միջոցով: Այժմ մշակվում է միասնական փաթեթային ծառայություն՝ իրանական ընկերությունների համար տրանզիտային փոխադրումների դիմաց վճարումներ: 2017 թվականի ընթացքում
ընկերությունը նախատեսում է նաև շահագործման հանձնել «Երևան» կայարանի կոնտեյներային տերմինալը:
Դ.Գվոզդևը ներկայացրեց ՀԿԵ-ի կողմից առաջարկվող Համբուրգ և Կոնստանցա նավահանգիստների միջոցով Եվրոպայից Իրան բեռնափոխադրումների առավելությունները՝ Թուրքիայի տարածքով և Բանդարաբաս նավահանգստով գործող երթուղու հետ համեմատ: ԵՄ-ի տարածքում բեռնափոխադրումն իրականացվում է ավտոտրանսպորտով, մինչև Փոթի նավահանգիստ՝ ջրային ճանապարհով, Փոթիից հայկական «Երասխ» երկաթուղային կայարան այն հասնում է երկաթուղով, իսկ այնուհետև կրկին ավտոտրանսպորտով փոխադրվում է Թեհրան:
- Մեր կողմից առաջարկվող երթուղիները թույլ են տալիս տնտեսել մինչև 2 հազար դոլար մեկ կոնտեյների փոխադրման համար, կրճատել տեղափոխման ժամանակը 10-19 օրով: Գործում է նաև հեշտացված փաստաթղթաշրջանառությունը. հաճախորդն աշխատելու է միայն ՀԿԵ-ի հետ, որը կրելու է բեռնափոխադրման ողջ պատասխանատվությունը ՝ այդ թվում մաքսային ձևակերպումների համար: Առաջարկվող այս նախագիծը մենք համարում ենք հեռանկարային: Փոխադրումներ իրականացնելիս հնարավոր է նկատի ունենալ յուրաքանչյուր պատվիրատուի անհատական պահանջները և մատուցվող ծառայությունը հարմարեցնել այդ պայմաններին, - ասաց նա:
Մուլտիմոդալ փոխադրումների դիմաց հաշվարկների իրականացման հնարավորություններն ու ընթացակարգերը ներկայացրեց «Մելլաթ» բանկի ներկայացուցիչը:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.