Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին հունվարյան աշխատանքի արդյունքները

06.02.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն փետրվարի 6-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2017 թվականի առաջին ամսվա աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ս.Վալկոն, հունվարին տեղի ունեցան Հայաստանի երկաթուղու համար կարևոր նշանակություն ներկայացնող մի շարք միջոցառումներ, մասնավորապես Իրանից ժամանած գործարարների մասնակցությամբ կայացել էր եվրոպական երկրներից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացմանը նվիրված հանդիպում-խորհրդակցություն:
ՀԿԵ գլխավոր տնօրենը հայտնեց, որ նշված ժամանակահատվածում դիտարկվում էր բեռնափոխադրումների աճի դրական դինամիկա: Մասնավորապես բեռնափոխադրումների նախատեսվող ցուցանիշը կատարվեց 105,9%-ով, իսկ բեռնաշրջանառությունը՝ 106,5%-ով:
Արտահանումն աճեց 9,9%-ով և 4,4 հազ տն-ով գերազանցեց 2016-ի ցուցանիշը: Փոխադրումները տեղական հաղորդակցությունում նախորդ տարվա հունվարի հետ համեմատ ավելացել են 30%-ով:
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, բեռնատար գնացքի միջին քաշը կազմեց 1501 տն՝ նախատեսված 1470 տն դիմաց: Ավելացել է նաև լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը: Տեղամասային արագությունը նախատեսվածի հետ համեմատ ավելացել է 6,5%-ով և կազմել 36,2 կմ/ժ՝ նախատեսվող 34 կմ/ժ դիմաց: Իսկ տեխնիկական արագությունը կազմեց 41 կմ/ժ՝ նախատեսվող 39,6 կմ/ժ դիմաց: Աճն այստեղ կազմեց 3,5%:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը: Դրանց թվում է բեռնատար վագոնի շրջանառությունը, էլեկտրաէներգիայի ծախսը:
Հունվարին կատարվել է նաև վագոնների վերանորոգման ծրագիրը. ընթացիկ վերանորոգում անցել է 21 վագոն՝ նախատեսվող 13-ի դիմաց: 2,7%-ով գերակատարվեց և ՀԿԵ լոկոմոտիվների տեխնիկական սպասարկման ծրագիրը:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 1 060 գնացք, որից 1 050-ը՝ ըստ չվացուցակի: Չէր ուշացվել ոչ մի միջազգային ուղևորատար գնացք, իսկ ուշացումների ընդհանուր ժամանակը անցած տարվա հետ համեմատ
կրճատվեց 37 ժամով: Ս.Վալկոն ընդգծեց չվացուցակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականի հունվարին գծի բալային գնահատականը բարելավել է 7 կետով՝ կազմելով 82 միավոր:
Սերգեյ Վալկոն նշեց նաև, որ Ընկերությունն աշխատում է նոր բեռների ներգրավվման ուղղությամբ: Արդեն համաձայնություն է ձեռք բերվել Կավկազ-Փոթի լաստանավի կանոնավոր (ամիսը 3 անգամ) աշխատանքի մասին: Դա թույլ կտա ուղիղ երկաթուղալաստանավային հաղորդակցություն հաստատել Հայաստանից Ռուսաստան և ԱՊՀ երկրներ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու համար: ՀԿԵ-ի աշխատանքի շնորհիվ լաստանավի սակագները նվազել են $2 հազարով:
Երկաթուղու առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.