Արխիվ

Երկաթուղայինների երեխաները հոգացության կենտրոնում

20.06.2017

Տարիներ շարունակ, երկաթուղու համակարգում հետևողականորեն իրականացվող սոցիալական քաղաքականության շնորհիվ, մեծ կարևորություն է տրվել աշխատողների երեխաների ամառային հանգստի կազմակերպման հարցերին:
Այս տարի, ընկերության ղեկավարության և արհմիության համատեղ որոշմամբ, նախատեսվել է աշխատողների երեխաների ամառային հանգիստը կազմակերպել «Լուսաբաց» մանկական առողջարարական հանգստի ճամբարում, որը գտնվում է Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում, Հանքավանի եղևնապատ և զովաշունչ անտառների գրկում, վայր, որտեղ գտնվում են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ և մանկական ճամբարներ:
«Լուսաբաց» ճամբարում ստեղծված են բոլոր պայմանները երեխաների անհոգ և լիարժեք հանգստի կազմակերպման համար: Այստեղ, սենյակները ապահովված են անհրաժեշտ կահույքով և հարմարավետ անկողնային պարագաներով, կա մշտական սառը և տաք ջուր, անհրաժեշտ սանիտարա-հիգենիկ պայմաններ:
Ճամբարի տարածքում կան սպորտային խաղահրապարակներ (ֆուտբոլ, վոլեյբոլ, թենիս), այստեղ երեխաներին սպասվում է բազմաբովանդակ և հետաքրքիր կրթադաստիարչական միջոցառումներ, արշավներ, ինտելեկտուալ խաղեր: Ճամբարում հանգստացողները կստանան 4 անգամյա թարմ սննդամթերքով և բանջարեղենով պատրաստված ճաշատեսակներ:
Ճամբարում գործում է շուրջորյա բուժկետ, ապահովված մանկաբույժով և բուժքույրով:
Այստեղ աշխատում են բարձրագույն, մանկավարժական կրթությամբ և ստաժով ջոկատավարներ, ովքեր ունեն մանուկ հոգիների հետ աշխատելու մեծ փորձ և հմտություն:
Երեխաների կրթադաստիարակչական աշխատանքները համակարգվում է մանկավարժական խորհուրդի կողմից, որի կազմում ընդգրկված են մանկավարժներ և բուժաշխատողներ:
Այս տարի ևս, երկաթուղու արհմիության կողմից նախապատրաստական մեծ աշխատանքներ են տարվել երեխաների ամառային հանգիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
Նախատեսվում է, որ այս տարի «Լուսաբաց» ճամբարում կհանգստանան երկաթուղայինների 8-13 տարեկան շուրջ 200 երեխաներ, վեց հերթափոխով, յուրաքանչյուրը 10 օր տևողությամբ, հունիսի 19-ից օգոստոսի 12-ը ընկած ժամանակահատվածում:
Երեխաների տեղափոխումը ճամբար և վերադարձ կիրականացվի հարմարավետ ավտուբուսներով, իսկ ամառային հանգստի կազմակերպման ամբողջ ծախսերը կիրականացվի ընկերության ղեկավարության կողմից արհմիությանը լրացուցիչ հատկացված գումարների հաշվին:
Արդեն իսկ, հունիսի 19-ին 30 երեխաներից կազմված առաջին խումբը մեկնեց ճամբար, որտեղ նրանց ընդունեցին մեծ սիրով և հոգատարությամբ:
Երկաթուղայինների արհմիության նախագահ Ա.Ս.Մարտիրոսյանը նշեց.
- Երեխաների ամառային հանգստի սեզոնի բացման կապակցությամբ, կուզենայի երկաթուղու արհմիության ողջ անձնակազմի կողմից բարի երթ ցանկանալ նրանց, հույսով, որ ճամբարում անցկացված նրանց յուրաքանչյուր օրը կդառնա անմոռանալի, լցված խինդ ու ծիծաղով և հարուստ բավանդակությամբ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.