Արխիվ

Երևանում նշվեց Երկաթուղայինի օրը

08.08.2017

Օգոստոսի 4-ին՝ իրենց մասնագիտական տոնի նախօրեին, հայ երկաթուղայինները հավաքվեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Երևան» երկաթուղային կայարանում: Տոնական միջոցառմանը մասնակցեցին գործող երկաթուղայիններ, վետերաններ, ամենահին երկաթուղային դինաստիաների ներկայացուցիչներ, ՀԿԵ ղեկավարության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Ազգային Ժողովի, քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին շնորհավորեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։ Նա նշեց, որ Հայաստանի երկաթուղին այժմ ակտիվ զարգացման փուլում է. աճում են փոխադրումների ծավալները, բարձրանում է հարմարավետութան և ծառայությունների որակի մակարդակը, աճում են գնացքների արագությունները, իրականացվում է ենթակառուցվածքի արդիականացման լայնածավալ ծրագիրը:
- ՀԿԵ-ն իրականացնում է ենթակառուցվածքի արդիականացմանը և շարժակազմի թարմացմանն ուղղված լայնածավալ ծրագիր: Ընկերությունը գործարկեց նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ջերմա- և էլեկտրաքարշեր, էլեկտրագնացքներ վերանորոգել սեփական ուժերով, - նշեց Սերգեյ Վալկոն:
Նա հիշեցրեց նաև, որ ընկերությունը ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ աշխատում է Հայաստանի երկաթուղու տարանցիկ ներուժի զարգացման և Իրանից եվրոպական երկրներ գնացող բեռներ ներգրավելու ուղղություններով: Արդեն իսկ իրականացվել է Եվրոպայից Իրան եկող կոնտեյներների առաջին մուլտիմոդալ փոխադրում, շուտով սպասվում է նաև երկրորդը:
Ընկերության ղեկավարը նշեց նաև ՀԿԵ-ի կողմից ձեռնարկվող երկաթուղալաստանավային բեռնափոխադրումների ակտիվացմանն ուղղված ջանքերը: Ընկերությունը մեծ արտոնություններ և զեղչեր է ստացել Ռուսաստանի և Վրաստանի տարածքով լաստանավային փոխադրումներին ենթակա հայկական բեռների փոխադրման համար: Նրա խոսքով, ռուս և վրացի գործընկերների հետ համատեղ և քրտնաջան աշխատանքն արդեն տալիս է իր պտուղները. այսօր Հայաստանից դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրումն իրական այլընտրանք է Վերին Լարսով գնացող ավտոմոբիլային երթուղուն։
Երկաթուղայիններին շնորհավորեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տրանսպորտի հարցերով Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը:
Երկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ՓԲԸ մի շարք աշխատողներ արժանացան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի, Երևանի քաղաքապետի և ՀՀ ԱԻՆ պատվոգրերի և շնորհակալագրերի:
Մի խումբ աշխատողների ՌԵ ԲԲԸ և ՀԿԵ ՓԲԸ ղեկավարների անունից շնորհվեցին շնորհակալագրեր: Իսկ որոշ աշխատողներ արժանացան «Պատվավոր երկաթուղային» կոչմանը: ՀԿԵ աշխատակիցներն առաջին անգամ արժանացան «Նվիրվածության համար» նշանին՝ երկար տարիներ (10-30 և ավելի) արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի, երկաթուղային տրանսպորտի զարգացման և կանոնավոր աշխատանքի ապահովման գործում ունեցած մեծ վաստակի համար։
Ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը։ Տոնը 120 տարվա պատմություն ունի՝ առաջին անգամ այն սահմանվել է Ռուսական կայսրության
հաղորդակցության ուղիների նախարար Միխայիլ Խիլկովի` 1896 թվականի հունիսի 28–ի (նոր տոմարով՝ հուլիսի 9–ին) հրամանով։
Հայաստանի երկաթուղու պատմությունը սկիզբ է առել 1895 թվականին, երբ Նիկոլայ II կայսրը ստորագրեց Թիֆլիս-Ղարս երկաթուղու կառուցման մասին Բարձր անվանական հրամանը: Կառուցման աշխատանքները ֆինանսավորվում էին պետական բյուջեից, իսկ գործընթացը հսկում էր ինժեներ Եվգենի Վուրցելը:
1899 թվականի փետրվարին առաջին գնացքը Թիֆլիսից ժամանեց Ալեքսարնդրապոլ: Իսկ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին առաջին գնացքը ժամանեց Երևան:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.