Արխիվ

Անվտանգ երկաթուղի. ամեն ինչ կախված է միայն երկաթուղայինների՞ց

25.06.2018


Գնացքների երթևեկության անվտանգության, ուղևորների կյանքի և առողջության ապահովումը միշտ հանդիսանում էր և շարունակում է մնալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ առաջնահերթություններից մեկը: Երկաթուղին իրականացնում է բազմաթիվ միջոցառումներ և աշխատանքներ, որոնք ուղղված են գծերի, շարժակազմի վերանորոգմանն ու արդիականացմանը, ուղևորների սպասարկման մակարդակի կատարելագործմանը, միջազգային գնացքներում և ներհանրապետական էլեկտրագնացքներում հարմարավետության բարձրացմանը: Սակայն միշտ չէ, որ ամեն ինչ կախված է միայն երկաթուղուց. հաճախ կատարված աշխատանքը կորցնում է իր իմաստը որոշ քաղաքացիների անթույլատրելի վարքագծի և անպատասխանատվության պատճառով:
Չորս ամիս առաջ Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործարկվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից ՌԴ-ում գնված նոր ժամանակակից ԷՊ2Դ էլեկտրագնացքը: Այն լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին, հարմար է հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորներին, ունի անվտանգության բազմաթիվ համակարգեր և արդեն արժանացել է ուղևորների բարձր գնահատականներին: Սակայն բոլոր համակարգերն անզոր են որոշ մարդկանց անպատասխանատվության և անփությության առջև:
Հունիսի 23-ին, ժամը 19:03-ին Էջմիածին-Մասիս հատվածում գնացքը բախվել էր գծերում գտնվող և հոտից ետ մնացած կովին, որը պատկանում էր Հայկաշեն գյուղի բնակիչներից մեկին: Մեքենավարն արտակարգ արգելակում կիրառեց, սակայն բախումն անխուսափելի էր: Արդյունքում նյութական վնաս կրեց ոչ միայն գյուղացին, այլև երկաթուղին՝ տուժել է նոր էլեկտրագնացքը: Ներկա պահին վնասի չափը ճշտվում է, էլեկտրագնացքը պիտի ծախսատար վերանորոգում անցնի, իսկ «ՀԿԵ» ՓԲԸ-ն դիտարկում է մեղավորներից իր ծախսերի բռնագանձման հնարավորությունը:
Տեղի ունեցած միջադեպի հետ կապված Հարավկովկասյան երկաթուղին հերթական անգամ հիշեցնում է, որ երկաթուղին՝ վտանգավոր գոտի է, և հորդորում է պահպանել երկաթուղում գործող անվտանգության նորմերը: Ցավոք, սա առաջին և միակ դեպքը չէ, երբ սեփականատիրոջ անպատասխանատվության պատճառով երկաթուղային գծերի վրա հայտնված ընտանի անասունները սպառնում են գնացքների անվտանգությանը: 2018 թվականի հունվար-մայիսին գրանցվել է անասունների հետ բախման 10 դեպք: Բոլոր դեպքերում մեքենավարները արտակարգ արգելակում են կիրառել, սակայն բախումներն անխուսափելի են, քանի որ մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր:
Զարմացնում է նաև սեփականատերերի անփութությունը, որոնք մոռանում են, որ բախման պարագայում վնաս կկրեն նաև իրենք: Հունվար-մայիսին նման անփութության պատճառով նրանք արդեն կորցրեցին 4 կով և 78 ոչխար:
Անհրաժեշտ է հիշել, որ տեղի ունեցած դեպքը, որը կարող էր բավականին ծանր հետևանքներ ունենալ, պիտի հրավիրի պատասխանատու անձանց՝ Ուտիկանության մարմինների, տեղական իշխանությունների, սեփականատերերի, ինչպես նաև վարորդների, հետիոտների ուշադրությունը երկաթուղում անվտանգության կանոնների պահպանմանը:
2018 թվականի հունվար-մայիսին երկաթուղում գրանցվել է ավտոտրանսպորտի հետ բախման 1 դեպք, արտակարգ արգելակման 36 դեպք, որից 6-ը՝ գծերում մարդկանց, իսկ 16-ը ընտանի անասունների գտնվելու պատճառով:
Երկաթուղում տեղ չկա անփութությանը և անպատասխանատվությանը, ցանկացած սխալի արժեքը կարող է լինել մեկի կյանքը և առողջությունը

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.