Արխիվ

Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում է ուղևորա- և բեռնափոխադրումների աճը

05.11.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նոյեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի հունվար-հոկտեմբերի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան:
Վիճակագրական տվյալների համաձայն, 10 ամիսների ընթացքում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 մլն 411 հազ տաննա: Ընդ որում, նետտո բեռնաշրջանառությունը տարվա կտրվածքով ավելացել է 23%-ով, իսկ բեռնումը՝ 21%-ով:
Աճ է գրանցվել նաև գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության և վազքի, տեղամասային և տեխնիկական արագությունների, բեռնատար վագոնի շրջանառության գծով:
Հաշվետու շրջանում բարելավվել է ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակների կատարումը: Սերգեյ Վալկոն հատուկ ընդգծեց բեռնատար գնացքների չվացուցակների կատարելագործման անհրաժեշտությունը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբերին գծի գնահատականը բարելավվել է 6 միավորով՝ կազմելով 75 միավոր:
Շարունակվել են գծի վերանորոգման և առողջացման աշխատանքները, կոճերի տեղադրումը: Օրինակ, նախագծային-կանխարգելիչ վերանորոգում անցել է 18,8 կմ գիծ, շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:
Ուղևորափոխադրումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում փոխադրվել է 330 հազար ուղևոր, ինչը 8% -ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Ընդ որում, աճը միջազգային հաղորդակցությունում կազմել է 6,4%, իսկ տեղականում՝ 11,7%:
Աճ է գրանցվել նաև աշխատանքի արտադրողականության ոլորտում՝ այն կազմել է 10%, իսկ երկաթուղայինների աշխատավարձերն ավելացել են 9%-ով:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը, ներդրումային ծրագրերի լիարժեք կատարումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.