Արխիվ

2018 թվականին երկաթուղում նվազել է տրանսպորտային պատահարների թիվը

22.02.2019

Գնացքների երթևեկության անվտանգության համակարգի կատարելագործման հարցերը քննարկվել են փետրվարի 22-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի նախագահությամբ կայացած գիտատեխնիկական խորհրդի ընթացքում: Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, 2018 թվականին երկաթուղում տրանսպորտային պատահարների թիվը կրճատվել է 4,3%-ով, ինչը վկայում է իրականացվող միջոցառումների դրական ազդեցության մասին:
Գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Լևոն Հակոբյանն ընդգծեց, որ փոխադրման գործընթացի անվտանգության ապահովումը միշտ եղել է և շարունակում է մնալ ՀԿԵ գործունեության առաջնահերթություններից մեկը: Վիճակագրական տվյալների համաձայն, 10 տարվա ընթացքում (2008-ից մինչև 2018 թթ) երկաթուղում էապես կրճատվել է տրանսպորտային պատահարների թիվը՝ 452-ից հասնելով 67-ի: Նույն ժամանակահատվածում տեխնիկական միջոցների խափանումների թիվը նվազել է 4 հազարից մինչև 194:
Լ.Հակոբյանը նշեց, որ Ընկերությունում տարվում են բացահայտվող համակարգային խախտումների բացառմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես, կատարելագործվում են աշխատանքների տեխնոլոգիաների պահպանման համակարգը, կադրերի ուսուցումն ու պատրաստումը, գծային վարպետների գործունեություն, հանձնաժողովային զննումների և շարժակազմի տեխսպասարկման որակը:
Գծային տնտեսությունում խախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքները, ինչպես նկատեց «ՀԿԵ» ՓԲԸ Ենթակառուցվածքի տնօրինության պետ Ալեքսանդր Կոնովալովը, արդեն դրական արդյունքներ են տալիս՝ կրճատվել է երթևեկության անվտանգության հետ կապված պատահարների, տեխմիջոցների խափանումների թիվը, տարվում է գծի գնահատականի բարելավմանն ուղղված աշխատանքը, փոխվում են հին կոճեր:
Տնօրինության ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ անվտանգության նորմերի ամենատարածված խախտումներն են գծանցներում ՃՏՊ-ները: Հարավկովկասյան երկաթուղում գործում է 103 գծանց, որից 30-ը՝ հերթապահներով, 15-ը՝ ավտոմատ ազդանշանային համակարգով: Մտահոգության առարկա են հանդիսանում չթույլատրված գծանցները, որոնք 21-ն են:
- Հիմնական պատճառը՝ գծանցներ հատելիս վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն են: Չթույլատրվող գծանցների վերացմանն ուղղված աշխատաքները, համայնքների ղեկավարների հետ հանդիպումները արդյունք գրեթե չեն տալիս: Սակայն, չնայած նշված աշխատաքների ցածր արդյունավետությանը, մենք կարողացանց նվազեցնել գծանցներում ՃՏՊ-ների թիվը 12-ից 2017 թվականին մինչև 4-ը՝ 2018-ին, - տեղեկացրեց Ա.Կոնովալովը:
ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովն իր հերթին ընդգծեց ոլորտում համակարգային խախտումների նվազեցման, ղեկավարների համար նոր կանոնների մշակման անհրաժեշտությունը:
Ամփոփելով քննարկումները, ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշեց ենթակառուցվածքներում տարվող աշխատանքների տեխնոլոգիական գործընթացների, շարժակազմի վերանորոգման, լոկոմոտիվային բրիգադների աշխատանքի վերահսկողության կատարելագործման անհրաժեշտությունը:
- Մեր հիմնական նպատակն է անձնակազմի ուսուցումը, մեր աշխատողների գիտելիքների մակարդակի բացահայտումը, աշխատանքի հսկողությունը, - նշեց Ընկերության ղեկավարը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.