Արխիվ

Երկաթուղային փոխադրումներն աճում են

04.03.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն մարտի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի հունվար-փետրվար ամիսների աշխատանքի արդյունքները: Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը գերազանցեց նախորդ տարվա շեմը 4,9%-ով, բեռնաշրջանառությունն ավելացել է 9%-ով,
բեռնումը՝ 11%-ով: Արտահանումն աճել է 11,5 հազ տն-ով՝ հիմնականում, Կարմիր Բլուր և Երևան կայարաններից պղնձի խտանյութի փոխադրումների հաշվին:
Երկաթուղային բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ավելացել են 9%-ով, անկում էր գրանցվել միայն ներմուծման գծով:
Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, փետրվարին առաջին անգամ իրականացվել էր բեռնափոխադրում դեպի Ղրղզստան, բեռը հաջող հասել էր նշանակման կայարան՝ անցնելով 7 երկրների տարածքով:
Աճ է գրանցվել նաև ուղևորափոխադրումների ոլորտում՝ հունվար-փետրվարին երկաթուղու ծառայություններից օգտվել է 51,2 հազար ուղևոր, ինչը 9,4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել են 20%-ով, իսկ տեղական՝ 8,8%-ով:
Բարելավվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ՝ գնացքի միջին քաշ, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականություն և վազք, տեղամասային և տեխնիկական արագություններ:
Հունվար-փետրվարին կատարվել է նաև շարժակազմի վերանորոգման ծրագրը, ընդ որում, վագոնների ընթացիկ վերանորոգումը աճել է 21%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 7%-ով, իսկ ընթացիկ վերանորոգումը՝ 14,5%-ով:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 2 կետով՝ կազմելով 74 միավոր:
Սերգեյ Վալկոն կարևորեց գծի առողջացման ու վերանորոգման, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացման ուղղություններով տարվող աշխատանքների շարունակականությունը:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց անկայուն եղանակային պայմաններում երկաթուղու անխափան աշխատանքը, բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի, աշխատանքի արտադրողականության աճի ապահովումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.