Արխիվ

Նոր էլեկտրագնացքը սկսում է սպասարկել Երևան-Գյումրի-Երևան երթուղու ուղևորներին

05.04.2019

Ապրիլի 5-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին չվերթը կատարեց Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող հերթական՝ թվով արդեն երկրորդը, նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը: Էլեկտրագնացքը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից:
Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների: Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում:
Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպմանը:
Նոր էլեկտրագնացքի երթևեկության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե: Արագընթաց գնացքները կաշխատեն օրը 4 անգամ՝ ժամը 09:40 և 17:15-ին մեկնելով Երևանից Գյումրի և 09:05 և 17:10-ին վերադառնալով մայրաքաղաք:
ԷՊ2Դ էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին: Հարկ է նշել, որ երկվագոնանի էլեկտրագնացքներ ռուսական և արտասահմանյան շուկաների համար արտադրում է միայն ռուսական «Տրանսմաշխոլդինգը»:
Շարժակազմն ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:
Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելում է:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Դառնալով հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարիչ՝ Հարավկովկասյան երկաթուղին պարտավորվել է 2008-2038 թթ-ին Հայաստանի
երկաթուղային զարգացմանն ու արդիականացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամը՝ ենթակառուցվածքի և 52,2 միլիարդը՝ շարժակազմի ոլորտին: 2008-2017 թթ-ին փաստացի ներդրումների ծավալը կազմել է 115,9 մլրդ դրամ կամ ներդրումների ընդհանուր ծավալի 66,4%: Միայն 2018 թվականին ենթակառուցվածքի պահպանմանն ու զարգացմանն ուղղվել է մոտ $5,6 մլն, իսկ շարժակազմի արդիականացմանը՝ $6,6 մլն, այդ թվում մոտ $5 մլն ծախսվել է երկու նոր էլեկտրագնացքների գնմանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.