Արխիվ

Բացվեց «ՀԿԵ» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը. Բաթումի է մեկնել այս տարվա առաջին գնացքը

15.06.2019

Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է
այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Մինչև հոկտեմբերի 1-ը գնացքը կապելու է Երևանը և վրացական առողջարաններ՝ Բաթումը, Քոբուլեթին, Ուրեկին:
Ինչպես նշում է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, ֆիրմային գնացքի վագոնները հագեցած են օդափոխիչներով, համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Անվտանգությունն ապահովում են Ոստիկանության աշխատակիցները:
Գ.Մովսեսյանի խոսքերով, ամառային ուղևորափոխադրումների սեզոնի բացման նախօրեին գնացքի բոլոր վագոններն անցել են անհրաժեշտ վերանորոգումն ու տեխնիկական սպասարկումը, իսկ Ընկերությունը ապագայում նախատեսում է այս երթուղու համար գնել նաև նոր վագոններ, ինչը թույլ կտա էապես բարձրացնել ուղևորների սպասարկման որակը:
- Գնացքի ուղևորների թիվն աճում է և մենք գործադրում ենք բոլոր միջոցները ուղևորությունների հարմարավետության կատարելագործման համար: Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է ֆիրմային գնացքի 1850 տոմս, իսկ առաջին գնացքով մեկնել է ավելի քան 130 ուղևոր, - ասաց Տնօրինության պետը, նշելով, որ անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են 5%-ով:
«Արմենիա» ֆիրմային գնացքը աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին և Բաթում ժամանելով 07:10: Հակառակ ուղղությամբ գնացքը նույնպես աշխատելու է ամեն օր՝ Բաթումից մեկնելով 15:40-ին:
Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 45 րոպե:
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև «ՀԿԵ»-ի կայքում՝ www.ukzhd.am:
Տոմսերի գները մեկ անձի համար մեկ ուղղությամբ տատանվում են 9 720 դրամից մինչև 25 410 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից:
Ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:
2018 թվականին “Արմենիա” ֆիրմային գնացքի ուղևորների թիվը կազմել էր 52 հազար 870՝ 2008 թվականի հետ համեմատ աճելով ավելի քան 6 անգամ: 2008 թվականին ուղևորների թիվը կազմել էր 8,6 հազար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.