Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը պարգևներ հանձնեց մի խումբ երկաթուղայիններին

02.08.2019

Օգոստոսի 2-ին՝ իրենց մասնագիտական տոնի նախօրեին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողները և ոլորտի վետերանները հավաքվել են ՀԿԵ ադմինիստրատիվ մասնաշենքի դահլիճում՝ իրար շնորհավորելու և պարգևատրումներ ստանալու համար: Ներկաներին ողջունեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, որը շնորհակալություն հայտնեց երկաթուղայիններին նվիրված աշխատանքի և ծանր իրավիճակներում համախմբվածության համար:
- Երկաթուղում չկա հեշտ աշխատանք, այն միշտ պատասխանատու և դժվարին է, - ասաց Ընկերության ղեկավարը:
Նշելով վետերանների և աշխատանքի մեծ փորձ ունեցող աշխատողների դերի կարևորությունը՝ Սերգեյ Վալկոն ընդգծեց, որ երկաթուղու համար խիստ կարևոր են երիտասարդ մասնագետները, ում կայացումն ու մասնագիտական աճը ՀԿԵ-ի ուշադրության կենտրոնում են գտնվում:
Հանդիսավոր արարողության ընթացքում Ընկերության ղեկավարը մի խումբ աշխատողներին է հանձնել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Պատվավար երկաթուղային» նշանները, «ՌԵ» ԲԲԸ և Համագործակից երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի պատվոգրերը, ՀԿԵ-ի «Նվիրվածության համար» նշանները, պատվոգրերն ու շնորհակալագրերը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության անունից պարգևներ հանձնեց նախագահ Ալբինա Մարտիրոսյանը:
Ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը։ Տոնը 123 տարվա պատմություն ունի՝ առաջին անգամ այն սահմանվել է Ռուսական կայսրության հաղորդակցության ուղիների նախարար Միխայիլ Խիլկովի` 1896 թվականի հունիսի 28–ի (նոր տոմարով՝ հուլիսի 9–ին) հրամանով։
Հայաստանի երկաթուղու պատմությունը սկիզբ է առել 1895 թվականին, երբ Նիկոլայ II կայսրը ստորագրեց Թիֆլիս-Ղարս երկաթուղու կառուցման մասին Բարձր անվանական հրամանը: Կառուցման աշխատանքները ֆինանսավորվում էին պետական բյուջեից, իսկ գործընթացը հսկում էր ինժեներ Եվգենի Վուրցելը:
1899 թվականի փետրվարին առաջին գնացքը Թիֆլիսից ժամանեց Ալեքսարնդրապոլ (Գյումրի): Իսկ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին առաջին գնացքը ժամանեց Երևան:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.