Արխիվ

Հունվար-հոկտեմբերին գրանցվել է երկաթուղային փոխադրումների դրական դինամիկա

04.11.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նոյեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, հաշվետու ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի միտումը. բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է նախատեսված ցուցանիշը 5,9%-ով, բեռնաշրջանառությունը՝ 5,7%-ով, փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում ավելացել են 31,8 հազար տն-ով, ներմուծումը՝ 76,1 հազար տն-ով, իսկ տեղական փոխադրումները՝ 2,6%-ով:
ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ ձեռնարկվող միջոցների շնորհիվ նկատվում է հացահատիկային բեռների վերադարձ ավտոտրանսպորտից երկաթուղի: Մինևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն ընդգծեց, որ հոկտեմբերի 22-24-ի պարապուրդի պատճառով երկաթուղին չի փոխադրել 20 հազար տոննա բեռ և չի ստացել 300 հազար դոլար եկամուտ, ինչը չի կարող չազդել տարվա կտրվածքով արդյունքների վրա:
11,5%-ով աճել են երկաթուղային ուղևորափոխարումները: Հունվար-հոկտեմբերին երկաթուղին սպասարկել է 370 հազար ուղևոր, ընդ որում միջազգային փոխադրումներն ավելացել են 12,7%-ով, տեղականները՝ 11,3%:
Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունը:
Խորհրդակցության ընթացքում նշվել է որոշ ցուցակիշների բարելավման անհրաժեշտությունը, մասնավորապես բեռնատար վագոնի շրջանառություն, շահագործվող լոկոմոտիվների և բեռնատար վագոնների պարկ:
Աճել են նաև շարժակազմի վերանորոգման և սպասարկման ծավալները՝ վագոնների վերանորոգումը դեպոներում նախորդ տարվա հետ համեմատ աճել է 28,5%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 4,5%-ով, իսկ ընթացիկ վերանորոգումը՝ 2,7%-ով:
Հունվար-հոկտեմբերին երկաթուղին սպասարկել է 11 786 գնացք, որից 11 648-ն ընթացել են ըստ չվացուցակի: Գլխավոր տնօրենը նշեց, որ երկաթուղու պարապուրդի պատճառով հոկտեմբերի 22-24-ին չեղարկվել է 4 ուղևորատար, 25 ներհանրապետական և 12 բեռնատար գնացք: Ընդ որում, գնացքների չվացուցակների կատարողականը վկայում է բեռնատար գնացքների շարժի բարելավման և ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակների կատարելագործման մասին:
Հատուկ կարևորելով անվտանգ երթևեկության հարցը՝ Ընկերության ղեկավարը նշեց, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 2 կետով՝ կազմելով 73 միավոր: Երկաթուղում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:
- Չնայած հոկտեմբերի 22-24-ի իրադարձությունների՝ որոշում է ընդունվել ինդեքսավորել նոյեմբերի 1-ից ընկերության բոլոր աշխատողների աշխատավարձը և տարվա արդյունքներով վճարել պարգևներ՝ միջին ամսական աշխատավարձի չափով: Այժմ ՀԿԵ-ն զբաղեցնում է Հայաստանի խոշոր գործատուների ցանկի 8-րդ հորիզոնականը, իսկ 2019 թվականին վճարված հարկերի ծավալը գերազանցում է 3,7 մլրդ դրամ, - հայտնեց Սերգեյ Վալկոն:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը, բեռնա- և
ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, ծրագրված ցուցանիշների կատարումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.