Արխիվ

2019 թվականին երկաթուղին փոխադրել է 3,2 մլն տոննա բեռ և 426,6 հազար ուղևոր

30.12.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց նա, ավտոտրանսպորտի հետ սուր մրցակցության պայմաններում տարին երկաթուղու համար եղել էր բավականին բարդ, սակայն ձեռնարկված միջոցները թույլ են տվել ապահովել դրական արդյունքները:
Հունվար-դեկտեմբերի արդյունքներով երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմեցին 3,2 մլն տոննա, ինչը 11,1% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, բեռնաշրջանառությունն ավելացել է 17,3%, արտահանումը՝ 25%, ներմուծումը՝ 12,5%, իսկ տեղական բեռնափոխադրումները՝ 6,9%:
Աճ 11%-ով գրանցվել է նաև ուղևորափոխադրումների ոլորտում: Տարվա ընթացքում ուղևորների թիվը գերազանցեց 426,6 հազարը, միջազգային փոխադրումներն ավելացան 13%, տեղականները՝ 10%:
Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, որն ավելացել է 1,5%՝ մինչև 1537 տոննա, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունները:
Աճել են նաև շարժակազմի վերանորոգման և սպասարկման ծավալները՝ վագոնների վերանորոգումը դեպոներում նախորդ տարվա հետ համեմատ աճել է 31,5%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 5,1%-ով, իսկ ընթացիկ վերանորոգումը՝ 3,5%-ով:
Հունվար-դեկտեմբերին երկաթուղին սպասարկել է 14,1 հազար գնացք, որից 98,8%՝ ըստ չվացուցակի: Ընդ որում, գնացքների չվացուցակների կատարողականը վկայում է ուղևորատար և բեռնատար գնացքների շարժի բարելավման և ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակների կատարելագործման անհրաժեշտության մասին:
Հատուկ կարևորելով անվտանգ երթևեկության հարցը՝ Ընկերության ղեկավարը նշեց, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 1 կետով՝ կազմելով 73 միավոր: Երկաթուղում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:
Հարավկովկասյան երկաթուղու հիմնական ձեռքբերումների շարքում Սերգեյ Վալկոն նշեց, մասնավորապես Երևան-Գյումրի-Երևան երթուղում երկրորդ արագընթաց գնացքի աշխատանքի մեկնարկը, Ղալթախչի երկաթուղային կայարանի վերակառուցումը, որին ուղղվել է 60 մլն դրամ, առանց վնասների աշխատանքը տարվա արդյունքներով:
2019 թվականի նոյեմբերի 1-ից բարձրացել են ընկերության բոլոր աշխատողների աշխատավարձերը, իսկ տարվա արդյունքներով վճարվել են պարգևներ՝ միջին աշխատավարձի չափով:
2020 թվականին կարևորագույն խնդիրներից Սերգեյ Վալկոն առանձնացրեց գնացնքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումը, բյուջետային համակարգի և աշխատանքային ռեսուրսների կառավարման կատարելագործումը, բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը:
- Այդ նպատակների կատարումը կախված կլինի մեզանից յուրաքանչյուրից: Մենք շարժվում ենք դեպի զարգացում: Երկաթուղայիններին մաղթում եմ լավատեսություն, արդյունավետ աշխատանք, ընտանեկան երջանկություն և բարեկեցություն, - ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը:
Այնուհետև Սերգել Վալկոն արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևներ հանձնեց երկաթուղու մի շարք աշխատողներին:
«Կարմիր Բլուր» կայարանի, ուղևորատար գնացքների զննման տեխկետի, «Ախթալա» քարշային ենթակայանի, «Արմավիր» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի անձնակազմերին շնորհվել է «Արդյունավետ տեխնոլոգիաների և էսթետիկայի ձեռնարկություն» պատվավոր կոչումները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.