Արխիվ
Ուժեղ ձյան պատճառով խախտված է երկաթուղային հաղորդակցությունը Ջաջուռ-Մայիսյան հատվածում  
05.03.2012
Ուժեղ և երկարատև ձյան, ինչպես նաև գծերի վրա 3 մետր բարձրությամբ ձնակույտերի առաջացման պատճառով՝ երեկ գիշերը ժամանակավորապես դադարեցված էր երկաթուղային հաղորդակցությունը Ջաջուռ-Մայիսյան հատվածում: Արդյունքում, մարտի 4-ին ժամը 22:35 «Երևան» կայարանից մեկնած և մարտի 5-ի ժամը 02:00-ին «Գյումրի» կայարան ժամանած Երևան-Թբիլիսի գնացքի 45 ուղևորները ստիպված էին գիշերել վագոններում: Ուղևորներն ապահովված էին բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ վագոնները լրացուցիչ ջեռուցվում էին:
Մարտի 5-ին ժամը 8:30-ին Երևան-Թբիլիսի գնացքը վերադարձվեց «Երևան» կայարան: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինությունից հայտնում են, որ ուղևորները կարող են վերադարձնել իրենց տոմսերը՝ ստանալով վճարված գումարը: Ցանկության դեպքում ուղևորները կարող են օգտվել գնված տոմսերից Երևան-Թբիլիսի գնացքի երթևեկության վերականգնումից հետո:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման և գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշերվա ընթացքում տևած մաքրման աշխատանքներին մասնակցում էր հատուկ տեխնիկան, վերականգնողական գնացքը և «Գյումրի» ԳԿՄ աշխատողները: Նշենք նաև, որ նույնպիսի ծանր իրավիճակ է տիրում մոտակայքում անցնող ավտոճանապարհում:
Ներկա պահին ձնամաքրման աշխատանքները շարունակվում են՝ Ջաջուռ-Մայիսյան հատվածը նախատեսվում է բացել արդեն մարտի 5-ի երեկոյան:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.