Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և «Վրացական երկաթուղի» ՍՊԸ-ն ընդլայնում են համագործակցությունը
11.04.2011
Ապրիլի 7-8 Թբիլիսիում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ՍՊԸ ներկայացուցիչների խորհրդակցությունը: Հայկական կողմը ղեկավարում էր «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինը, վրացական կողմի ղեկավարն էր «ՎԵ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան:  
Խորհրդակցության արդյունքներով կողմերը ստորագրեցին Համագործակցության մասին համաձայնագիր, որով «ՀԿԵ» ՓԲԸ-ն և «ՎԵ» ՍՊԸ-ն երկաթուղային փոխադրումների ավելացման, շարժակազմի, ենթակառուցվածքի, տեղեկատվության փոխանակման, անվտանգության բարձրացման հարցերում համագործակցության պատրաստակամություն են հայտնել:
Կողմերը, որպես գերակայություններ նշեցին արագ և սպառիչ տեղեկատվության փոխանակում, փոխադրումների ծավալի ավելացման համար բարենպաստ պայմանների ստեղծում: Կողմերը ընդգծեցին նաև երկաթուղային տրանսպորտի արդիականացման, բարձր արագության երթևեկության, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպման առաջադեմ տեխնոլոգիաների փոխանակման կարևորությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ և «ՎԵ» ՍՊԸ ստորագրեցին նաև միջազգաին բեռնափոխադրումների մասին էլեկտրոնային տվյալների, Հայաստանի և Վրաստանի տրանսպորտային ծառայությունների շուկայի մարքեթինգային ուսումնասիրությունների արդյունքների փոխանակման մասին համաձայնագրեր, ընդհանուր հատվածներում երկաթուղային վթարների դեպքերում անվճար փոխադարձ օդնության մասին համաձայնագիրը, կոնտեյներային փոխադրումների հաշվարկների մասին պայմանագիրը:
Խորհրդակցության ժամանակ կողմերը որոշեցին հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը նշանակել Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը և Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ գնացքը, որը կգործի երեքշաբթի և ուրբաթ օրերին: Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկության ժամանակահատվածի համար կողմերը վերացրեցին Երևան- Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը:
Մինչև մայիսի 15-ը տեղի կունենա կողմերի ևս մեկ հանդիպում, Հայաստանի և Վրաստանի մաքսային և սահմանապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի շամանակ կճշտվեն Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկության բոլոր հարցերը և գրաֆիկը: 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.