Արխիվ
Ստորագրվել է դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրությունների մասին հուշագիրը
04.05.2012
Մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի “Զվարթնոց” միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»: Հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն` ի դեմս ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի:
Նախագծվող երկաթուղու երկարությունը կազմում է 7800 մետր, որից նոր կառուցվող հատվածը՝ 5350 մետր է: Նախատեսվում է նաև 810 մետր երկարությամբ երկաթուղային թունելի կառուցում:
Նախագծի իրականացումը հնարավորություն կտա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորատաև տերմինալը երկաթուղային գծով միացնել մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին, իսկ բեռնային տերմինալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ի «Կարմիր բլուր» կայարանի հետ:
Հուշագիրը ստորագրվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի,  հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը:
Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճող ծավալներն ապահովելու նպատակով` Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը հիշյալ երկաթուղային գծի հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցման մասին, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում:
Հուշագրով Կողմերը պայմանավորվել են նշանակել պատասխանատու պաշտոնատար    անձանց,     որոնք     եռամսյա    ժամկետում     համատեղ  առաջարկություններ կմշակեն նախագծի իրականացման համար:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.