Արխիվ
«Երևան» կայարանում անցել է «Արմենիա» ֆիրմային գնացքի առաջին 10 վերանորոգված վագոնների շնորհանդեսը
15.05.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Երևան» կայարանում մայիսի 15-ին կայացել է Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի առաջին 10 վերանորոգված վագոնների շնորհանդեսը: «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը պատմեց ներկա գտնվող լրագրողներին, որ ֆիրմային գնացքի վագոնները վերանորոգվել են Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյում և լիովին համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Տնօրինության ղեկավարի խոսքերով, մեկ վագոնի  վերանորոգման համար միջինում ծախսվել է 900 հազ. դրամ:
- Երևան-Բաթումի-Երևան գործելու է հունիսի 15-ից: Այս տարի մենք կավելացնենք գնացքի վագոնների թիվը: Եթե անցած տարի գնացքի կազմում գործում էր 15 վագոն, ապա այս տարի նրանց թիվը հասնելու է 18-ի, - ասաց Գ. Մովսիսյանը:
Ինչպես հիշեցրեց տնօրինության պետը, 2011 թվականի ամառային սեզոնին «Արմենիա» ֆիրմային գնացքով ուղևորվել են 42,5 հազ. մարդ, իսկ այս տարի ցուցանիշը նախատեսվում է ավելացնել մինչև 50 հազ. ուղևոր:
Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր տնտեսություններում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների թեժ սեզոնին: Երկաթուղում ուղևորատար վագոնները և լոկոմոտիվները զննվում են ու վերանորոգվում, ստուգվում են գնացքների անվտանգության համակարգերը:
Մասնավորապես, մինչև մայիսի 27-ը դեպոյում կվերանորոգվի ու կներկվի ուղևորատար 31 վագոն, էլեկտրագնացքների 12 վագոն, 22 վագոնում կստուգվի օդափոխության համակարգը: Ուղևորափոխադրումների սեզոնին նաև նախապատրաստված են Վորոնեժում հիմնական վերանորոգումն անցած Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի 7 վագոնները:
 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.