Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանդիպեց Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարությանը մասնակցած հայ ուսանողների հետ
04.09.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպեց Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարությանը մասնակցած ուսանողական ջոկատի անդամների հետ: Ուսանողներն Ընկերության ղեկավարին ներկայացրեցին կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը, արձանագրված հաջողությունները, ինչպես նաև ծանոթացրեցին առկա դժվարություններին:
Վիկտոր Ռեբեցը նշեց, որ ՀԿԵ-ն՝ իր վրա վերցնելով ուսանողական ջոկատի ձևավորման պարտականությունը, առաջին հերթին ուշադրություն էր դարձնում ոչ միայն աշխատանքի բարձր ցուցանիշներին, այլ օտարերկրյա հասակակիցների հետ բարեկամական և գործընկերական կապերի հաստատմանը:
- Մեր համար կարևոր էր, որ ձեր մոտ ձևավորվի ընկերության, փոխօգնության զգացումը, ուսանողական եղբայրության ընկալումը: Մեր նպատակն էր, որ դուք սովորեք ոչ միայն համատեղ աշխատել գործընկերների հետ, այլ նաև ցուցադրեք ձեր մրցակցային առավելությունները: Սոչիում կատարած ձեր աշխատանքը  անգնահատելի դպրոց է, որը դուք ավարտեցիք ընդհամենը 1,5 ամսվա ընթացքում: Այլ պայմաններում դուք կարող էիք կուտակել այդ փորձը մի քանի տարվա ընթացքում, - ասաց ՀԿԵ ղեկավարը:
Ուսանողները Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում աշխատելու ցանկություն հայտնեցին: ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը հավաստիացրեց, որ Ընկերության դռները միշտ բաց են բարձր որակավորում ունեցող մասնագետների և երիտասարդների համար:
Հայաստանը ներկայացնող ուսանողական ջոկատի կազմում ընդգրկված էին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 20 ուսանող:
Հայաստանի ներկայացուցիչները աշխատել են Ադլեր կայարանից «Ալպիկա-սերվիս» լեռնակլիմատիկ առողջարան տանող համակցված ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհի շինարարությանը: Հայկական ջոկատի արտադրողականությունը 30% գերազանցել է այլ խմբերի ցուցանիշները: 
Ուսանողների համար նաև անցկացվել են տարբեր մարզական միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ:
Սոչիի օլիմպիական օբյեկտների կառուցման աշխատանքներին մասնակցության նպատակով ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողական ջոկատները ձևավորվում են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ, իսկ Հայաստանի ներկայացուցիչներն այդ ծրագրում մասնակցում են արդեն 3 տարի անընդմեջ: 2009-2012 թ. Օլիմպիական շինարարությանը մասնակցել են ավելի քան 2800 ուսանող, այդ թվում 250-ը՝ ԱՊՀ-ից և Բալթիայից:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.