Արխիվ
Նոր ճանապարհատրանսպորտային պատահար վարորդի անպատասխանատվության պատճառով
01.11.2012
Նոյեմբերի 1 ին՝ մոտավորապես ժամը 8:10, Էջմիածին-Մասիս ուղեմասում ավտոմեքենան բախվել է № 7011 ուղևորատար գնացքին՝ Արաքս-Երևան երթուղով: Բարեբախտաբար, տուժողներ չկան:
Կրկին պատահարը տեղի է ունեցել վարորդի անպատասխանատվության պատճառով. արհամարհոլով անվտանգության բոլոր կանոնները՝ վարորդը հատել է երկաթուղային գծերը՝ չհետևելով ճանապարհատրանսպորտային կանոններին, այդպիսով վտանգելով ոչ միայն իր կյանքն ու առողջությունը, այլև գնացքի ուղևորների անվտանգությունը:
Որքան էլ ցավալի է, սա արդեն 2 ՃՏՊ-ն է վերջին շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Արտենի-Քարակերտ ուղեմասում բեռնատար գնացքը բախվել է OPEL մակնիշի մեքենայի: Արտակարգ արգելակման պարագայում գնացքը բախվել է մեքենային՝ շպրտելով այն 6-7մ: Դժբախտ պատահարի արդյունքում մահացել է մեկ և տուժել են 4 մարդ: Եվ այս ամենը թե' իրավապահ մարմինների, թե' երկաթուղու բազմակի զգուշացումներից հետո:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հերթական անգամ զուշացնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել: Հաճախ նույնիսկ հսկվող գծանցերում վարորդները արհամարհում են հերթապահների զգուշացումները և փորձում անցնել ուղեփակոցը՝ գծերը հատելով ամբողջ արագությամբ ընթացող գնացքի առջևից:
Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է  երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում  անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ:
Երկաթուղային տրանսպորտը չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե'ք ուշադիր և հիշե'ք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլև ուղևորների կյանքն ու առողջությունը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.