Արխիվ
Նոր աբոնեմենտները և Wi-Fi կապ ՀԿԵ-ի ուղևորների համար
25.01.2013
Հունվարի 25-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանի ասուլիսը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնօրինության ղեկավարը ներկայացրեց Ընկերության սակագնային քաղաքականության վերջին փոփոխությունները և 2013 թվականի ծրագրերը:
- 2013 թվականի հունվարի 1-ից մերձքաղաքային ուղևորափոխադրումներում գործում են նոր սակագներ, էապես կրճատված է սակագնային գոտիների թիվը: Անփոփոխ են մնացել Երևան-Արմավիր, Երևան-Արարատ, Երևան-Հրազդան գնացքների տոմսերի արժեքը: Իսկ Երևան-Գյումրի գնացքի տոմսի արժեքը 950 դրամից փոխվեց հազար դրամի: Երկաթուղու սակագներն այս ուղղություններով ավելի մրցունակ են, քան ավտոտրանսպորտինը: Օրինակ՝ ավտոտրանսպորտի տոմսի արժեքը դեպի Գյումրի կազմում է 1500 դրամ, դեպի Արարատ և Արմավիր՝ 400-500 դրամ, այն դեպքում, երբ մեր մոտ տոմսն արժե 300 դրամ, - ասաց Գագիկ Մովսեսյանը:
Նրա խոսքերով՝ որոշ խնդիրներ են առաջացել Երևան-Երասխավան գնացքի ուղևորների մոտ, և երկաթուղու մշտական ուղևորների համար ներդրվել են աբոնեմենտներ 48 ուղևորության համար: Ինչպես նշեց Տնօրինության պետը, իրավիճակն ուսումնասիրելուց հետո որոշվել է փոխել այդ աբոնեմենտները 40 ուղևորությունների համար նախատեսված աբոնեմենտներով՝ 33% զեղչով:    
- Դա շատ հարմար կլինի ուսանողների և երկաթուղու մշտական ուղևորների համար, ովքեր մեր ծառայություններից օգտվում են ամեն օր: Հաշվի առնելով զեղչը՝ տոմսի գները, օրինակ, 300 դրամից կնվազեն մինչև 200 դրամ, - ասաց Գ.Մովսեսյանը:
Միևնույն ժամանակ Տնօրինության պետն ընդգծեց, որ միջազգային գնացքների տոմսերի արժեքը փոփոխություն չի կրի, սակայն 2013 թվականից աշխատանքային օրերին գները կլինեն ավելի ցածր, իսկ ամռանը տարբերակում կմտցվի նաև վերևի և ներքևի տեղերի համար՝ վերևի տեղերը կլինեն ավելի էժան:
Բացի այդ մոտակա ժամանակ անվճար Wi-Fi կապը կգործի Երևան-Գյումրի էլեկտրագնացքում, միջազգային գնացքների ննջավագոններում և բարձր հարմարավետության կուպեներում:
Գ.Մովսեսյանի խոսքով, 2013 թվականին Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյում վերանորոգում կանցնեն միջազգային գնացքների 9 վագոն և 2 էլեկտրագնացք: Նա հիշեցրեց, որ 2009-2011 թթ. Վորոնեժի վագոնավերանորոգման գործարանում կապիտալ վերանորոգում է անցել «Արմենիա» ֆիրմային գնացքի 27 վագոն, իսկ ևս 28 վագոն և 2 էլեկտրագնացք վերանորոգվեց Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյում 2012-ին:
Խոսելով երկաթուղու ապագա ծրագրերի մասին՝ Ուղևորափոխադրումների տնօրինության պետն ասաց, որ հիմնական նպատակներից է լինելու երկաթուղային կայարանների տարածքներում տրանսպորտային հանգույցների ստեղծումը: Մասնավորապես, ինչպես նշեց Գագիկ Մովսեսյանը, ներկա պահին քննարկվում է նման հանգույցների ստեղծումը Գյումրիի և Արմավիրի վերանորոգված կայարաններում:
Ըստ այդ ծրագրերի, նախատեսվում է ավտոտրանսպորտը անհարմարավետ ավտոկայաններից բերել երկաթուղային կայարաններ, որտեղ ուղևորների համար արդեն ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններ:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.