Արխիվ
Մայիսի 28-ին կայացավ վերանորոգված Գյումրու վագոնային-վերանորոգման և լոկոմոտիվային դեպոների բացման հանդիսավոր արարողությունը
29.05.2013
Մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության տոնին, կայացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու վագոնային-վերանորոգման և լոկոմոտիվային դեպոների բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, “ՀԿԵ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-պատվիրակ Սերգեյ Օվերչենկոն, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վրացական երկաթուղիների գլխավոր տնօրեն Մամուկա Բախրաձեն և այլ պաշտոնատար անձինք:
- Արդեն 5 տարի ՀԿԵ-ն աշխատում է Հայաստանում և այդ ժամանակահատվածում մեծ աշխատանք է կատարվել, սակայն ամենակարևորը՝ վերականգնվում են երկաթուղու որակյալ և անվտանգ աշխատանքի ավանդույթները, - ասաց «ՌԵ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը բացման արարողության ժամանակ:
Նա նաև նշեց, որ մինչ այդ Հայաստանում բացակայում էին լոկոմոտիվների վերանորոգման համար անհրաժեշտ պայմանները և նման աշխատանքները կատարվում էին Վրաստանում: Սակայն վերանորոգված լոկոմոտիվային դեպոյի բացումը թույլ կտա վերանորոգումը կատարել հայաստանում՝ նոր աշխատատեղեր բացելով, համոզված է Յակունինը:
Իր հերթին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր գնահատեց ՀԿԵ-ի աշխատանքը, նշելով, որ այն հանդիսանում է հայ-ուսական հարաբերությունների ամրացման և զարգացման վկայություններից մեկը:
- Մեր աչքերի առաջ Հայաստանի երկաթուղային համակարգը աստիճանաբար վերականգնվում է, - ասաց Տ. Սարգսյանը:
Գյումրու լոկոմոտիվային և վագոնային-վերանորոգման դեպոների պատմությունը սկսվեց 1899 թվականի փետրվարի 7-ին, երբ Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է ժամանել առաջին գնացքը: Այդ ժամանակ հիմնվեց նաև շոգեքարշային դեպոն, որի կազմում էր ընդգրկված վագոնային պարկը: 1933 թվականին ձևավորվեցին երկու տարբեր ստորաբաժանումներ՝ Լենինականի շոգեքարշային դեպոն և վագոնային-վերանորոգման կետը:
“ՀԿԵ” ՓԲԸ-ն սկսել է լոկոմոտիվային և վագոնային-վերանորոգման դեպոների վերականգնման նախագծային աշխատանքները դեռ 2008 թվականին` դրանք դարձնելու ժամանակակից վերանորոգման արտադրամասեր, որոնք կհաղթահարեին ցանկացած առաջադրանք:
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի վերակառուցման հիմնական աշխատանքները սկսվել են 2010 թվականին: Այս ժամանակահատվածում դրա վերակառուցման համար ներդրվել է 93,5 մլն. ռուբլի, ևս 48,4 մլն. ռուբլի ուղղվել է շարժակազմի նորոգման համար տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանը:
Լոկոմոտիվային դեպոյի սարքավորումների պարկը ևս էապես թարմացվել է. գնվել է 25 միավոր հիմնական սարքավորում և 6 միավոր ախտորոշման սարքավորում:
Ներկայումս ստեղծված են անիվային զույգերի, էլեկտրական շարժիչների վերանորոգման ու օդային պահեստավորման փորձարկման համար նախատեսված նոր տեղամասեր:
Այս բոլորը թույլ կտա բարձրացնել լոկոմոտիվային դեպոյում իրականացվող աշխատանքների որակն` այդպիսով բարձրացնելով Հայաստանում երկաթուղու անվտանգ երթևեկության մակարդակը, երաշխավորելով գնացքների ընթացքի գրաֆիկի կատարումը:
Վագոնային-վերանորոգման դեպոյի վերակառուցման համար նախորդ տարիներին ներդրվել է 35,1 մլն. ռուբլի: Շինարարական աշխատանքներից զատ, շարժակազմի նորոգման համար գնվել է 20 մլն. ռուբլու տեխնոլոգիական սարքավորումներ: Վերակառուցման ընթացքում վագոնային-վերանորոգման դեպոյի սարքավորումների պարկը թարմացվել է 13 միավոր հիմնական սարքավորմամբ:
Նոր սարքավորումները թույլ կտան կիրառել նորագույն տեխնոլոգիաական գործընթացները վագոնային պարկի վերանորոգման ու սպասարկման համար, այդպիսով էապես բարելավվել վերանորոգման որակն ու նվազեցնել շահագործման ծախսերը:
Դեպոների վերակառուցման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել  անվտանգության նորմերին և հատկապես աշխատանքի անվտանգության պահպանմանը, դեպոյում ստեղծվել են աշխատողների և լոկոմոտիվային թիմերի հանգստի ու առողջության պահպանման համար լիարժեք պայմաններ:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.