Արխիվ
Հայաստանում նշեցին Երկաթուղայինի օրը
04.08.2014
Շաբաթ օրը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Երևան» կայարանում հանդիսավոր կերպով նշեցին  Երկաթուղայինի օրը։ Տոնական միջոցառումներին մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար անձինք, երկաթուղայիններ, մայրաքաղաքի բնակիչներ։
Ինչպես միջոցառման ժամանակ նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, վերջին տարիներին ընկերությունը Հայաստանի երկաթուղու զարգացման գործում ներդրել է մոտ 100 մլրդ. դրամ։
«Այսօր մեր կոլեկտիվում մոտ 4 հազար աշխատակից կա։ Մենք ստեղծել ենք վետերանների առանձին խորհուրդ, և ավելի քան 600 մարդ իր տեղն է գտել վետերանական շարժման փոխգործակցության շրջանակում։ Մենք ուսուցիչների դպրոց ենք ստեղծել, որի միջոցով մեր աշխատանքում ներգրավել ենք հանգստի անցած, սակայն իրենց փորձը կիսել ցանկացող մարդկանց։  Արդեն 220 մարդ անցել է ուսուցչական այդ դպրոցով»,- ասաց Ռեբեցը։
Նրա խոսքերով` ընկերության պարծանքն է նաև երիտասարդությունը։ «ՀԿԵ մոտ 59 երիտասարդ աշխատակից ներկա պահին կրթություն է ստանում Հայաստանի և Ռուսաստանի մասնագիտացված առաջատար բուհերում», - նշեց նա։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ երկաթուղայիններն այն մարդիկ են, ովքեր ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փոքրիկ Հայաստանը կապում են մեծ աշխարհի հետ։
«Ցանկանում եմ, որ նոր սերունդը շարունակի մեր երկաթուղայինների հզոր ավանդույթները», - ասաց փոխխոսնակը։
Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ երկաթուղին Հայաստանում հարուստ` 115-ամյա պատմություն ունի։
«Երկաթուղին Հայաստանում անկման պահեր ունեցավ, սակայն այժմ շատ ուրախալի է, որ այն վերելքի մեջ է գտնվում», - ընդգծեց նա։ 
Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը կարդաց քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը, որում, մասնավորապես, նշված էր, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակում այսօր չափազանց կարևոր է երկաթուղու` մեր պետության զարգացման կարևորագույն բաղկացուցիչներից մեկի նշանակությունը։
Երկաթուղայինի օրվա առթիվ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ, ՀՀ Տրանսպորտի և կապի, Ընկերության գլխավոր տնօրենի անունից: Իսկ երկու աշխատակից պարգևատրվել են «Պատվավոր երկաթուղային» նշանով՝ երկաթուղային տրանսպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարատև աշխատանքի համար:
Հայաստանի ամենահին երկաթուղային երեք դինաստիաների ներկայացուցիրներ պարգևատրվեցին «Մասնագիտական հավատարմության համար» մեդալով:
Այս տարի առաջին անգամ հանձնվեց «ՀԿԵ» ՓԲԸ զարգացման համար» նշանը: Առաջին նշանով պարգևատրվեց Ընկերության նախկին գլխավոր տնօրեն, իսկ այժմ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ փոխնախագահ – Երթևեկության անվտանգության դեպարտամենտի պետ Շևկետ Շայդուլլինը: Նշանը հանձնվեց նաև Ընկերության գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Լևոն Հակոբյանին, Ներդրումային ծառայության պետ Նիկոլայ Անտոնովին, Վանաձորի «Բետոն» ընկերության տնօրեն Դավիթ Կլեկչյանին:
Հայասնաի երկաթուղում պատմությունը սկիզբ է առնում 1895 թվականին, երբ Նիկոլայ II կայսրը ստորագրեց Թիֆլիս-Ղարս երկաթուղու կառուցման մասին Բարձր անվանական հրամանը: Կառուցման աշխատանքները ֆինանսավորվում էին պետական բյուջեի հաշվին, իսկ գործընթացը հսկում էր ին-եներ Եվգենի Վուրցելը: 1899 թվականի փետրվարին առաջին գնացքը Թիֆլիսից ժամանեց Ալեքսարնդրախոլ: Իսկ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին առաջին գնացքը ժամանեց Երևան:
Այդ օրվանից Հայաստանի համար երկաթուղային տրանսպորտն ունի կարևոր ռազմավարական նշանակություն:
Երկաթուղայինի օրը մասնագիտական տոն է, նշվում են երկաթուղային տրանսպորտի աշխատակիցների մասնագիտական նվաճումները և բնագավառի ձեռքբերումները։ Երկաթուղայինի օրն առաջին անգամ սահմանվել է Ռուսական կայսրության հաղորդակցության ուղիների նախարար Միխայիլ Խիլկովի` 1896 թվականի հունիսի 28–ի (հուլիսի 10–ին նոր տոմարով) թիվ 68 հրամանով։

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.