Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի նիստին

21.10.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ Ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի ղեկավարությամբ, մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 61-րդ նիստին, որն անցնում է Բաքվում հոկտեմբերի 21-22-ին:
ՀԿԵ պատվիրակության մասնակցությունը համաձայնեցված է ՀՀ տրանսպորտի և կապի ու արտաքին գործերի նախարարությունների հետ:
Նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի երկաթուղային վարչությունների ղեկավարները, ասոցացված անդամների՝ Վրաստանի, Լատվիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Լիտվայի, Էստոնիայի և Իրանի պատվիրակները:
Նիստի ընթացքում մասնավորապես նախատեսվում է ամփոփել 2014 թ. երկաթուղիների աշխատանքի արդյունքները, քննարկել գնացքների 2015-2016 թթ. չվացուցակների նորմատիվները, 2015 թ. սակագնային քաղաքականությունը բեռնափոխադրումների ոլորտում:
ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար:
Խորհրդի անդամ են հանդիսանում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը:
Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան հանդիսանում են կազմակերպության ասոցացված անդամներ, իսկ Լիտվան և Էստոնիան կառույցի աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա:
Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.