Արխիվ

ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենն ամփոփեց աշնանային զննման արդյունքները

03.11.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն աշնանային զննման արդյունքներն ամփոփեց հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդակցության ժամանակ:
Անդրադառնալով երկաթուղու աշխատանքի ցուցանիշներին՝ Վիկտոր Ռեբեցը փաստեց, որ հոկտեմբերին փոխադրումների ծավալները կատարված են ամբողջությամբ, դրական միտումներ են արձանագրվել երկաթուղու որակական ցուցանիշների գծով, օրինակ՝ բարելավվել են լոկոմոտիվի միջին օրեկան վազքի, վագոնի արտադրողականության, ուղեմասային արագության, գնացքի միջին քաշի ցուցանիշները:
Ամփոփելով աշնանային զննումների արդյունքները՝ Ընկերության գլխավոր տնօրենը թվարկեց մի շարք ձեռնարկություններ, որտեղ արձանագրվել էր տնտեսության և կադրերի պատրաստվածության գերազանց մակարդակ: Նման ձեռնարկությունների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց Նարբանդ, Աղին և Թումանյան կայարանները, ընդգծելով, որ Թումանյան կայարանը ղեկավարում է ՀԿԵ-ում միակ կին-կայարանապետ Անուշ Հակոբյանը:
Սակայն գլխավոր տնօրենը նշեց, որ՝ չնայած առկա հաջողություններին, աշնանային զննման ընթացքում արձանագրվել էին մի շարք թերություններ, որոնք պետք է վերացվեն ամենասեղմ ժամկետներում: Վիկտոր Ռեբեցի խոսքերով, այս թերությունների պատճառ է հանդիսացել ոչ թե կադրերի կամ նյութերի պակաս, այլ ղեկավարների ոչ արդյունավետ աշխատանքը:
Խորհրդակցության շրջանակներում իրենց զեկույցներն են ներկայացրել Երևանի, Գյումրու, Վանաձորի և Սևանի գծային-կայարանային միավորումների պետերը:
Հիշեցնենք, որ աշնանային զննումն անցնում է երկաթուղում ամեն տարի: Անցկացվող միջոցառումների համակարգն ուղղված է երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանն աշնանն ու ձմռանը: Հատուկ ուշադրության կենտրոնում են, մասնավորապես, ձնամաքրման սարքերի պատրաստման, վերանորոգման և մասնագետների նախապատրաստման հարցերը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.