Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ում կայացել է հետախույզ Պետրոս Պետրոսյանի գրքի շնորհանդեսը

07.11.2014

Նոյեմբերի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կենտրոնական գրասենյակի դահլիճում կայացել է Պատերազմի վետերանների և Հայաստանի զինված ուժերի կոմիտեի նախագահ, հայտնի հետախույզ, ճակատային զինվոր և հասարակական գործիչ, գնդապետ Պետրոս Պետրոսյանի «Էջեր հետախույզի կյանքից» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կայացել է հայտնի հետախույզի և Ընկերության երիտասարդների հետ հանդիպման շրջանակնբերում:
Գիրքը, որտեղ գնդապետ Պետրոս Պետրոսյանը պատմում է 1949-2003 թթ.-ին անվտանգության մարմիններում իր ծառայության մասին, հրատարակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ:
Պետրոսյանի խոսքերով՝ հանդիպումներից մեկի ժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն իր օժանդակությունն է առաջարկել ինքնակենսագրության ռուսերեն թարգմանության և հրատարակության գործում: Նա անհրաժեշտ հանձնարարականներ է տվել այս հարցում աջակցություն ցուցաբերելու համար:
Պետրոսյանը մեկնել է ճակատ 1941 թ.-ին` դպրոցն ավարտելուց հետո, իսկ 1949 թ.-ին սկսել է ծառայել անվտանգության մարմիններում, այն ժամանակ նա սովորել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Անվտանգության մարմիններում աշխատել է մինչև 2003 թ.-ը:
Գրքում ներկայացված են էջեր Պետրոսյանի ռազմական, հետախուզական, դիվանագիտական և հասարակական գործունեությունից, նա հաջողությամբ առաջադրանքներ է կատարել ամերիկյան մայրցամաքում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում:
Պետրոսյանը, ով կանգնած է նաև Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի հաստատման ակունքներում, գրքի շնորհանդեսի ժամանակ պատմեց պրոֆեսիոնալ գործունեության որոշ դրվագների, հայտնի հայերի՝ Գոհար Գասպարյանի, Հրաչյա Քոչարի, Սիլվա Կապուտիկյանի հետ հանդիպումների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է Բեյրութում կազմակերպել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համերգները:
Հետախույզը նաև կոչ արեց երիտասարդներին գնահատել հերոսությունները, մեծ հարգանքով վերաբերվել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, որոնց շնորհիվ է հայ ժողովրդին հաջողվել խուսափել ևս մի ցեղասպանությունից:
«ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը Պետրոսյանին որակեց բացառիկ հետախույզ, ով մեծ հաջողությունների է հասել իր օպերատիվ աշխատանքում: «Գնդապետ Պետրոսյանն այսօր էլ շարքում է, նա Հայաստանի հետախուզության վետերանների միության հիմնադիրներից է, որը դեռ պաշտոնապես չի գործում», - ասաց Դարբինյանը:
«304-րդ կործանիչ-հակատանկային դիվիզիոնի 76-րդ դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանը կռվել է Ուկրաինայում, ազատել է Սլավյանսկ քաղաքը: 61-րդ դիվիզիայի ողջ անձնակազմը, որտեղ նա ծառայել է, շնորհակալագիր է ստացել անձամբ Ստալինից, իսկ Պետրոս Պետրոսյանն արժանացել է «Կարմիր Աստղ» ռազմական շքանշանի», - գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանի վետերանների միության փոխնախագահ Միքայել Ստեփանյանը:
«Հարավկովկասյան երկաթուղու» երիտասարդական խորհրդի անդամ Վահե Համբարձումյանի խոսքերով՝ ընկերությունը ցանկանում է, որպեսզի սերունդների միջև կապն անխզելի լինի: «Երիտասարդությունը պետք է իմանա ավագ սերնդների սխրանքների մասին: Այս գրքում մենք զգում ենք հայրենասիրության ոգին», — ասաց Համբարձումյանը:
Շնորհանդեսի ժամանակ գրքի հեղինակի, նրա գործունեության մասին պատմել են գրքի թարգմանիչ Ջուլիետտա Առուստամյանը, լրագրող և գրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ղարիբ Եղիազարյանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.