Արխիվ

ՀԿԵ-ի աջակցությամբ բարեկարգվում է կայարանամերձ հրապարակը

28.11.2014

Տարբեր մակարդակների պետական իշխանության մարմինների հետ համագործակցության շրջանակներում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ շարունակում է մայրաքաղաքաի կայարանամերձ հրապարակի բարեկարգմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
ՀԿԵ-ի նախաձեռնությամբ բարեկարգվել և վերանորոգվել է կայարանի մոտակայքում գտնվող ստորգետնյա անցումը: Ժամանակին անշուք տեսք ունեցող անցումը վերանորոգումից հետո համապատասխանում է ոչ միայն սանիտարական, այլև էսթետիկ նորմերին՝ այստեղ մաքուր է, գործում են հատուկ առևտրային տաղավարներ:
Բոլորս լավ հիշում ենք կայարանամերձ հրապարակի վիճակը, որտեղ երկար տարիներ գործել էր ագրոշուկան: Իսկ այժմ այն փոխարինել է նոր, եվրոպական չափանիշներին համապատասխանող նորակառույց «Կայարանի շուկան», որի բացման հանդիսավոր արարողությանը ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ նոյեմբերի 27-ին:
Ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 800 մլն դրամի ներդրում, ապահովվել են հիմնական 250 աշխատատեղեր, որոնք կավելանան շուկայի ընդլայնման հետ մեկտեղ:
Այս շուկան Երևանում միակն է, որը ձմռանը ջեռուցվում է, ունի ջեռուցվող հատակ: Շուկայի պատերն էլ կառուցված են այնպիսի շինանյութով, որը -40-ից +40 Ցելսիուս ջերմաստիճանում ապահովում է աշխատանքային անհրաժեշտ պայմաններ:
Իսկ երկաթուղու առկայությունը անմիջական և ամենօրյա կապ է ապահովում Արարատի և Արմավիրի մարզի գյուղացիների համար:
Կարևորելով շուկայի գործունեությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ նախագիծը քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև համագործակցության հերթական լավ օրինակներից մեկն է:
ՀԿԵ գլխավոր տնօրենի հրավերով Տարոն Մարգարյանը շրջել է Երևանի կայարանի վերանորոգված շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին՝ տալով բարձր գնահատական:
Քաղաքապետն այցելել է նաև կայարանի շենքում գործող Հայաստանի երկաթուղու թանգարան, ծանոթացել հայկական երկաթուղու պատմության մասին պատմող ցուցանմուշներին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.