Արխիվ

Գյումրիում շահագործման է հանձնվել վերջին 25 տարում Հայաստանում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը

25.12.2014

Դեկտեմբերի 25-ին ավարտվել է Հարավկովկասյան երկաթուղու 2014 թվականի ևս մեկ խոշոր նախագիծը՝ շահագործման է հանձնվել վերջին 25 տարում Հայաստանի տարածքում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը:
Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի 20 մասնագետները մոտ երկու ամիս վերանորոգում և վերականգնում էին ՎԼ-10 էլեկտրաքարշի էլեկտրասարքավորումները, շարժիչները և այլ մասերը:
Դրա հետ մեկտեղ շահագործման է հանձնվել վերանորոգված ՎԼ-8 էլեկտրաքարշը, որը երկար ժամանակ չէր աշխատել:
Գյումրեցիներին շնորհավորել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով հիշեցրել է, որ մոտ մեկ տարի առաջ ավարտվել էր Գյումրու լոկոմոտիվային և վագոնային դեպոների վերակառուցումը:
- Սակայն մենք շարունակել ենք արդիականացման ծրագիրը՝ լոկոմոտիվային դեպոն հագեցնելով շարժակազմի վերանորոգման և ախտորոշման համար անհրաժեշտ նոր ժամանակակից սարքավորումներով: Շահագործման է հանձնվել անվազույգերի փոխարինման հաստոցը, մեր վարպետներն արդեն տիրապետում են շարժիչների վերանորոգման, տեխնիկական մեքենաների ոլորունների մեկուսացման տեխնոլոգիաներին: Այսօր մենք ճանապարհ ենք բացում երկու նոր լոկոմոտիվների համար, որոնք ունեն 400 հազ. կմ. աշխատանքային ռեսուրս, - ասաց ՀԿԵ ղեկավարը:
Երկաթուղայիններին շնորհավորել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրիում ՌԴ-ի գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեվը, պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Միջոցառման շրջանակներում պատվոգրեր և նվերներ են հանձնվել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատողներին, ովքեր մասնակցել են վերանորոգման աշխատանքներին:
Նախատեսվում է, որ 2015 թվականին Գյումրիում վերանորոգում կանցնեն ևս 3 էլեկտրաքարշ, ինչը թույլ է տալու էապես բարձրացնել գնացքների անվտանգ երթևեկության մակարդակը:
Նման բարդ տեխնոլոգիական աշխատանքի իրականացումը Հայաստանում հնարավոր էր դարձել 2013 թվականին ավարտված Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոների հիմնանորոգման շնորհիվ: Նշված դեպոները երկաթուղու հիմնարար ձեռնարկություններն են, որտեղ իրականացվում է շարժակազմի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ամբողջ ցիկլը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.