Արխիվ

Երկաթուղային ուղևորափոխադրումների հեռանկարները քննարկում են Երևանում Համագործակից երկրների երկաթուղայինները

04.03.2015

Մարտի 4-ին Երևանում մեկնարկել է Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հաձնաժողովի 15-րդ նիստը:
Երևանյան նիստի աշխատանքներին մասնակցելու են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:
Պատվիրակներին ողջունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: ՀԿԵ ղեկավարը նշեց, որ Ընկերության գործունեության տարիներին միջազգային հաղորդակցությունում գրանցվել է ուղևորների կրկնակի աճի:
- Դա լավ ցուցանիշ է, հաշվի առնելով Հայաստանում և Հայաստանից դուրս ուղևորափոխադրումների աշխարհագրության սահմանափակ լինելը: Այս թվերը վկայում են երկաթուղային ուղևորափոխադրումների նկատմամբ մեծ պահանջարկի և սպասարկման մակարդակի աճի մասին, - ասաց Վիկտոր Ռեբեցը:
Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման դրական միտումների մասին խոսաց նաև ՀՀ տրանսպորտի և կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը:
- Պետության և ներդրողների շահերի ճիշտ համադրության հայեցակարգի շնորհիվ արդեն այսօր հնարավոր է արձանագրել Հայստանում փոխադրումների ծավալների աճը: Այսպես, 2014 թվականին ուղևորաշրջանառության ցուցանիշը կազմել է 51,9 մլն ուղևորակիլոմետր կամ 195% 2008 թվականի նկատմամբ: Ներհանրապետական հաղորդակցությունում ծառայությունների ծավալն աճել է 33%-ով, իսկ ուղևորաշրջանառությունը կազմել է 23,6 մլն ուղևորակիլոմետր կամ 140% 2008 թվականի նկատմամբ: Գյումրիի հատվածում, որը համարվում է ամենադժվարը, արագությունն աճել է 65,5%-ով, - նշեց փոխնախարարը:
Ա.Առաքելյանի խոսքով, Երևան-Բաթումի գնացքի ուղևորների թիվը 2008 թվականի հետ համեմատ աճել է 5 անգամ՝ մինչև 46 հազ ուղևոր 2014-ին: Իսկ միջազգային հաղորդակցությունում ուղևորների թիվը կրկնապատկվեց՝ մինչև 56,7 հազ ուղևոր 2014 թվականին:
Նա նշեց, որ վերանորոգվել է 27 ուղևորատար վագոն, տոմսերի ինտերնետ վաճառքի ծավալը եռապատկվել է, իսկ ուղևորափոխադրումների տնտեսության զարգացմանն ուղղված ՀԿԵ ներդրումները կազմել են $9,7 մլն:
- ԵՏՄ անդամակցելու հետ կապված Հայաստանի տրանսպորտային ոլորտում տեղի են ունեցել և տեղի են ունենում էական փոփոխություններ, որոնք վերաբերվում են փոխադրումների շուկայի մասնակիցների և պետությունների համագործակցությանը, մրցունակության զարգացմանը: Ընթանում է նաև օրենսդրական նորմերի վերանայման գործընթացը: Տրանսպորտի և կապի նախարարությունը ՀԿԵ-ի հետ համատեղ մշակել և կառավարություն է ներկայացրել «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթ: Նաև մշակված են և հաստատված երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կարգավորող նորմատիվ փաստաթղթեր, - ասաց Առաքելյանը:
Ուղևորափոխադրումների ոլորտի ղեկավարներին և մասնագետներին Երևանում սպասում է բավականին հագեցած աշխատանքային օրակարգ: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Գենադի Վերխովիխը, քննարկման ենթակա է 20 հարց: Միջոցառման թեմաները կլինեն, մասնավորապես, 2014 թ-ի միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների արդյունքները, Մոլդովայի և Բելառուսի միջև սակագների նվազեցման հարցը, «Էքսպրես» միջազգային համակարգի տեխնոլոգիական շահագործման փոփոխությունները:
Գ.Վերխովիխի խոսքով, օրակարգի կարևորագույն հարցերից է հետխորհրդային երկրների տարածքում գնացքների տոմսերի օնլայն վաճառքի համակարգի զարգացումն է:
- Մեր հիմնական նպատակը այնպիսի նորմատիվների մշակումն է, որպեսզի ուղևորները չնկատեն, որ իրենք սահման են հատել և կատարեն իրենց ծրագրած ճանապարհորդությունը մաքսիմալ հանգիստ և հարմարավետ պայմաններում: Դրա համար մենք մշակում ենք ուղևորատար վագոնների և տոմսերի վաճառքի նոր չափանիշներ, - նշեց Վերխովիխը:
Այս նպատակով նիստի շրջանակներում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և Ուղևորափոխադրումների դաշնային ընկերության միջև, որը թույլ է տալիս Հայաստանի տարածքում տոմսեր գնել ռուսական գնացքներով երթևեկելու համար:
Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար:
Խորհրդի անդամ են հանդիսանում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը:
Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան հանդիսանում են կազմակերպության ասոցացված անդամներ, իսկ Լիտվան և Էստոնիան կառույցի աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա:
Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Արհմիությունների Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների միջազգային համադաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.