Արխիվ

Անվտանգությունն երկաթուղում. հիմնական խնդիրներ և լուծման ուղիներ

02.06.2015

Հայաստանի երկաթուղին մի ամբողջ համակարգ է, որի կառավարումն ու անվտանգության պահպանումը բարդ խնդիր է: Այս ոլորտում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սերտորեն համագործակցում է իրավասու պետական մարմինների, մասնավորապես ՀՀ Ոստիկանության հետ: Օրերս «ՀԿԵ» ՓԲԸ Անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության Տեղեկատվական վարչության աշխատակիցները համատեղ միջոցառում էին կազմակերպել, որի արդյունքում նախապատրաստված ռեպորտաժը ցուցադրվել էր այդ թվում Հանռային հեռուստաընկերության եթերում:
Ժամանակին Ոստիկանության կազմում գործում էր առանձին ստորաբաժանում՝ Տրանսպորտային վարչություն: Բայց տարիներ առաջ այն լուծարվեց, և սա չէր կարող չազդել երկաթուղու և Ոստիկանության համագործակցության արդյունավետության վրա:
Սակայն Ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները լրացնում են այդ բացը:
Ինչպես փաստում է «ՀԿԵ» ՓԲԸ Անվտանգության ծառայության արագ արձագանքման անձնակազմի պետ Գարիկ Եղիազարյանը, երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովման ոլորտում երկաթուղայինների և ոստիկանների համագործակցությունը կատարելագործվում է, ինչպես և իրավապահ մարմինների աշխատանքը:
Երկաթուղում գրանցվող անվտանգության նորմերի հիմնական խախտումներից է քաղաքացիների և ավտոտրանսպորտի կողմից երկաթուղային գծերի անօրինական հատումը: Փարձը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիներից
շատերը քամահրանքով են մոտենում երկաթուղային գծերը հատելու կանոններին՝ և որպես վարորդ, և որպես հետիոտն:
Այսպես՝ 2013 թվականի ապրիլի 12-ի գիշերը Նորագավիթի մոտ մի կին ընկել էր գնացքի տակ և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նույն 2013 թվականի հուլիսի 3-ին մի թոշակառու կին Հրազդան-Չարենցավան երկաթուղային հատվածում երկաթուղային գծեր անցնելու ժամանակ ընկել էր գնացքի տակ և տեղափոխվել էր հիվանդանոց: Իսկ արդեն հուլիսի 9-ին գնացքի տակն ընկած 45-ամյա տղամարդը մահացավ:
2014 թվականի մարտի 10-ին գլխի վնասվածքով Ալավերդու հիվանդանոց ընդունված 3-ամյա աղջնակը վնասվել էր երկաթգծի մոտ խաղալու ժամանակ՝ գնացքն անցնելու ընթացքում վագոնի ոտնակի հարվածից:
Ինչպես նշում է գնացքի մեքենավար Սամվել Հարությունյանը, նման դեպքերում մեքենավարները կարող են միայն արտակարգ արգելակել:
- Մարդիկ չգիտեն, մտածում են, որ գնացքը նույն մեքենան է, արգելակեցիր՝ գնացքը կանգնեց, - ասում է մեքենավարը:
Սակայն դա այդպես չէ՝ նույնիսկ արտակարգ արգելակման դեպքում անհրաժեշտ է մոտ 1 հազ մետր գնացքը կանգնեցնելու համար:
Պակաս անփույթ ու կարգազանց չեն մեր հայրենակից որոշ վարորդները: Նրանք հաճախ խախտում են կանոնները նույնիսկ պահպանվող գծանցներում: Հերթապահները ստիպված են լինում ոչ միայն փակել ճանապարհն արգելափակոցով, այլ նաև կանգնել այն մեքենաների առաջ, որոնց վարորդները փորձում են շրջանցել արգելքը:
Գնացքների անվտանգ երթևեկության մի վտանգն էլ անփույթ հովիվներն են: Ցավոք, բայց կենդանիների անօրինական արածեցման դեպքերի թիվն ավելացել է: 2013 թվականին գրանցվել էր 28 նման դեպք, իսկ 2014-ին՝ արդեն 30:
Անվտանգ երթևեկության համար մի առանձին պատուհաս էլ երեխաներն են: Քար ու երկաթ են դնում ռելսերին, քարեր նետում գնացքների վրա: Եղել են դեպքեր, երբ ուղևորները վնասվածքներ են ստացել նետած քարերից և կոտրված ապակիներից, իսկ վերջերս նետած քարից տուժել էր մեքենավարը:
Կանխարգելման համար ՀԿԵ աշխատակիցները՝ ոստիկանների հետ համատեղ միջոցառումներ են անցկացնում դպրոցներում, երեխաներին բացատրում, թե ինչ վտանգավոր են նրանց անգիտակից արարքները: Սակայն նման բացատրական աշխատանքից բացի խիստ կարևոր է ծնողական դաստիարակչությունը:
Համատեղ բացատրական աշխատանք է նաև տարվում գյուղացիների հետ, որոնց բացատրում են կենդանիների արածեցման, երկաթուղային գծերի հատման կանոնները:
Տարածված է նաև գունավոր մետաղների գողությունը վազուրդիներից: Հատկապես տարածված է կապի մալուխների գողությունը, ինչը հագեցնում է լուսացույցների աշխատանքի խախտման, կայարանների միջև կապի կորստին և հետևաբար գնացքների երթևեկման լիարժեք կարգավորման անհնարինությանը:
Չնայած ձեռնարկվող միջոցներին, սակայն, երկաթուղու հարևանությամբ գտնվող տների բնակիչները, միշտ շտապող և անհոգ վարորդները նախըտրում են հատել գծերը իրենց համար հարմար, սակայն դրա համար չնախատեսված տեղում՝ անտեսելով արգելող նշանները, հատուկ անցումների և գծանցների առկայությունը:
Ընկերությունը կրկին հիշեցնում է հետիոտներին, վարորդներին, որ երկաթուղային գծերն անհրաժեշտ է հատել միայն հատուկ անցումներով, պահպանվող գծանցները՝ միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:
Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը...

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.